14/07/2021 11:37
Հայաստանը նոյեմբերի 9-ից հետո անվտանգ չէ, Հայաստանի քաղաքացին անվտանգ չէ. ՍԴ-ն ի զորու է կանխելու հնարավոր նոր աղետները, կանխելու հնարավոր նոր զիջումները. Արամ Վարդևանյան (Տեսանյութ)
Սահմանադրական դատարանը շարունակում է 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործի դատաքննությունը:
Կողմերն այսօր հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով։
«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարեց, թե Սահմանադրական դատարանը միակ դատարանն է, որ կարող է բացահայտել այս ընտրությունների ամբողջ կոնտեքստը։
«Այնպես ստացվեց, որ այս ընտրությունների կոնտեքստի մեջ առանցքային դերակատարում ունի 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, դա իրենից Հայաստանի համար ենթադրում էր հայրենիքի կորուստ, հազարավոր զոհեր ու բարդ ներքաղաքական իրավիճակ։ Հայաստանը նոյեմբերի 9-ից հետո անվտանգ չէ, Հայաստանի քաղաքացին անվտանգ չէ, մեր սահմանները անառիկ չեն, մենք ՍԴ-ում գործի քննություն ենք ունենում, բայց այդ ընթացքում գիտակցում ենք, որ թշնամին մեր սահմաններից կարողանում է ներթափանցել ներս, նման խնդրի առաջ Հայաստանը երբևէ կանգնած չի եղել», - ասաց Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, թե Հայաստանի վարչապետը վերածվել է միապետի, որ նույնիսկ ՀՀ նախագահի լիազորությունն է յուրացնում։
Վարդևանյանի խոսքով՝ այս ընտրությունների իրական արդյունքները խեղաթյուրվել են։
«Իմ պնդումն է՝ ՍԴ-ն միակ մարմինն է, որը կարող է ու պարտավոր է գնահատել ընտրախախտումների ամբողջ շղթան», - ասաց նա։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչն ընդգծեց, թե միապետությունը չի թակում ՀՀ պետականաության դռները, այլ այն իրականություն է։
«Վերջին երեք տարիները Հայաստանում մեկ ուժի կամքի, պարտադրանքի որոշումների կայացման տարիներ են եղել։ ՀՀ սահմանադրությունը միապետություն ստեղծելու մասին չէ, այն երբեք չի եղել դրա մասին», - ասաց Վարդևանյանը։
Նա նշեց, թե Հայաստանը գտնվում է ծայրահեղ վտանգավոր գոտում։
«ՍԴ-ն ի զորու է կանխելու հնարավոր նոր աղետները, կանխելու հնարավոր նոր զիջումները, նոր անհասկանալի փաստաթղթերը։ Այս ընտրությունների արդյունքները չեն արտահայտում հայ ժողովրդի իրական կամքը, պատկերը խեղաթյուրված է։ Այս ընտրությունների վերաբերյալ մեր կողմից ներկայացված դիմումը հիմնավոր է», - ասաց Վարդևանյանը։
Հիշեցնենք՝ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկել է 4 քաղաքական ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները: