15/07/2021 13:45
«Ճիշտ կլինի, որ պետությունը, որպես խնդիրների լուծում, այսպիսի որոշման չգնա ու այս եղանակը չկիրառի». ինչո՞ւ և ինչպե՞ս է Կամերային երաժշտական թատրոնը միաձուլվելու Պարոնյան թատրոնին
Արդեն մի քանի օր է՝ հանրության մեջ տարածված խոսակցությունները նաև մշակութային երանգ են ստացել: Ցավոք, թեման լավատեսական չէ. շուրջ 30 տարվա կյանք ունեցող թատերական կառույցը՝ Պետական կամերային երաժշտական թատրոնը, փակվելու եզրին է: Ավելի ճիշտ՝ հնարավոր է՝ առաջիկայում այն միաձուլվի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին՝ տարածքը զիջելով Սիմֆոնիկ նվագախմբին: Այս մասին դեռևս պաշտոնական որոշում չկա, սակայն մշակութային գերատեսչությունում այն արդեն քննարկվում է:
«Հուլիսի 1-ին ԿԳՄՍ նախարարությունում խորհրդակցություն էր, որին ներկա էին տարբեր ՊՈԱԿ-ներ: Բանավոր իրազեկվեց, որ նախարարությունը մտադրություն ունի որոշման նախագիծ ներկայացնել՝ մեր թատրոնն ու Պարոնյան թատրոնը միավորելու: Շեշտադրվեց, որ որոշման նախագիծ դեռևս չկա, պրոցեսը բաց է ու ոչ մի ստվերային «գործարք» չպետք է լինի: Մեզ խնդրեցին կոլեկտիվներին իրազեկել», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թորոսյանը:
Նախարարության հիմնավորումը դեռևս մեկն է՝ Կամերային երաժշտական թատրոնը, իր երաժշտական ուղղվածությանը համահունչ, չունի բավականաչափ տեխնիկական հագեցվածություն, նվագախումբ, այնինչ Պարոնյան թատրոնը, որպես հարթակ, առավել լայն հնարավորություններ ունի տվյալ ուղղությամբ ստեղծագործելու առումով:
«Այդպես եթե նայենք, ցանկացած կառույց էլ ընթացիկ խնդիրներ ունի: Ես 2-3 ամիս է, որ այս թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն եմ, ու ինձ թույլ կտամ խոսել առաջին հերթին քաղաքացու տեսակետից. ճիշտ կլինի, որ պետությունը, որպես խնդիրների լուծում ու բարելավում, այսպիսի որոշման չգնա ու այս եղանակը չկիրառի», - ընդգծեց նա:
Կամերային երաժշտական թատրոնում բանավոր այս որոշումը, մեղմ ասած, գրկաբաց չեն ընդունել: 60-65 հոգանոց կոլեկտիվը, մեկ մարդու պես, ընդդիմացավ, հավաքվեց ու գնաց նախարարություն, հանդիպեց փոխնախարարի հետ: Արա Խզմալյանի մանրամասն բացատրությունները դեռևս չեն բավարարում թատրոնի «բնակիչներին», նրանք շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել ու հուսալ, որ մշակութային հանրությունը ևս իրենց կսատարի:
«Ես 3-4 օր առաջ նախարարությանը խնդրել եմ տալ գրավոր պարզաբանում, թե իրավական ինչ ընթացակարգերով է տեղի ունենալու այդ գործընթացը: Սա ի՞նչ է լինելու՝ միավորո՞ւմ, լուծարո՞ւմ, թե՞ վերակազմակերպում: Դեռևս պաշտոնապես ստացված պատասխան չունեմ, հուսով եմ՝ առաջիկա օրերին կլինի», - տեղեկացրեց տնօրենը:
Պետական կամերային երաժշտական թատրոնը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է: ՊՈԱԿ-ի հետագա գործունեությունը հիմնադիրն է որոշում, ու կարող է միանձնյա որոշում կայացնել՝ առանց քննարկման ու հակառակ կողմի համաձայնության:
Aysor.am-ը կապ հաստատեց նաև Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանի հետ, ով հարկ համարեց հիշեցնել, որ թատրոնների միաձուլման խոսակցությունները դեռևս պաշտոնական բնույթ չեն կրում: Ինչո՞ւ կամ ինչպե՞ս են միավորվում թատերական երկու կառույցները՝ անհասկանալի է ու չպարզաբանված, անհասկանալի են նաև, թե ինչո՞ւ են նման որոշումները սկսվում խոսակցությունների մակարդակից:
«Նույնիսկ սխալ եմ գտնում կարծիք հայտնել մի բանի մասին, որը զուտ խոսակցությունների դաշտում է: Հստակություն է պետք՝ հասկանալու համար, թե ի՞նչ ու ո՞նց է արվելու», - ընդգծեց նա:
Այնուամենայինվ, թատրոնի տնօրենը, զերծ մնալով իր կողմից հնչեցվող պաշտոնական հայտարարությունից, իր կարծիքը հայտնեց որպես թատերասեր քաղաքացի.
«Գտնում եմ, որ ամեն միավոր իր տեսակի մեջ է ինքնատիպ ու ընկալելի: Որքան էլ ես և Դուք մեր մտածելակերպով միմյանց նման լինենք, միևնույն է՝ ես առանձին անհատ եմ, Դուք՝ առանձին: Չգիտեմ, քանի որ պաշտոնական որոշում չկա, փորձում եմ զերծ մնալ կարծիք հայտնելուց»:
Թեև երկու թատրոնն էլ երաժշտական են կոչվում, սակայն տարբեր ձեռագրեր ունեն, խոսքը հանդիսատեսին հասցնելու տարբեր ոճեր: Պարոնյան թատրոնի տնօրենը կեսկատակ-կեսլուրջ նկատեց՝ եթե պարզվի, որ իրենց միացման հիմնական պատճառն այն է, որ երկուսն էլ երաժշտական են կոչվում, ապա կարող են Կամերային երաժշտական տունն էլ իրենց միացնել, կամ՝ մնացյալ երաժշտական կոլեկտիվները:
«Օրինակ մենք ավելի շատ նման ենք Օպերային թատրոնին: Կոնկրետ Հայաստանում այս երկու թատրոնն է, որն ունի նվագախումբ, երգչախումբ, բալետային խումբ, մենակատարներ և այլն... », - զգուշությամբ մատնացույց արեց Պարոնյանի տնօրենը՝ «վախենալով», որ հանկարծ ու իրենց չմիավորեն:
Հատկանշական է ընդգծել, որ երկու թատրոնների միացումը ոչ միայն Պետական կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական և տեխնիկական կազմից շատերի գործազրկության պատճառ կարող է դառնալ, այլև՝ 30 տարուց ավելի կյանք ունեցող կառույցի ջնջման. գրչի մեկ հպումով այս թատրոնը, որպես առանձին օրգանիզմ ու պատմություն, ընդհատակ կանցնի:
«Ես հասկանում եմ, որ գործազրկության խնդիր կարող է առաջանալ, բայց կարծում եմ, որ դրանք երկրորդական են: Այս հարցին պետք է գլոբալ նայել: Սակայն, քանի դեռ հստակություն չկա, չի լինում այդպես անել», - եզրափակեց Կարո Շահբազյանը: