15/07/2021 11:03
Lufthansa ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ -ից տեղեկացնում են, որ տևական ժամանակ ընթացող բանակցություններն ավարտին հասան, և սույն թվականի օգոստոսի 13-ից հայկական շուկա մուտք կգործի Lufthansa ավիաընկերությունը:
Ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Ֆրանկֆուրտ (Գերմանիա)- Երևան-Ֆրանկֆուրտ (Գերմանիա) երթուղով՝շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ:
Ֆրանկֆուրտից Երևան չվերթերը կիրականացվեն երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին, իսկ Երևանից Ֆրանկֆուրտ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ lufthansa.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Lufthansa-ն Lufthansa խմբի մի մասն է, որն արդեն իսկ մեծ ներկայություն ունի Հայաստանում: Austrian ավիաուղիները վերջին 20 տարվա ընթացքում չվերթեր է իրականացնում Վիեննայից Երևան: Brussels ավիաուղիներն այժմ առաջարկում է շաբաթական 5 չվերթ Բրյուսելից Երևան և Eurowings-ը շուտով՝ 2021 թվականի օգոստոսի 5-ից, ուղիղ չվերթներ կիրականացնի Քյոլնից:
«Մենք՝ որպես Lufthansa խմբի ավիաուղիներ, ուրախ ենք ավելացնել մեր ներկայությունը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և ներկայացնել մեր նոր՝ Երևան-Ֆրանկֆուրտ ուղղությունը՝ շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ: Austrian ավիաուղիների՝ դեպի Երևան իրականացվող չվերթերի 20 տարվա արդյունավետ գործունեությունից հետո, սկսած օգոստոսի 13-ից մեր խոշոր ավիափոխադրողներից մեկը՝ Lufthansa-ն, մուտք է գործելու շուկա և Հայաստանից մեկնող մեր ճանապարհորդներին աշխարհին միանալու ավելի շատ հնարավորություններ է առաջարկելու: Այս նոր միացումներով Lufthansa խումբը շուտով կառաջարկի շաբաթական մինչև 16 չվերթ հաճախականությամբ չվերթեր Երևանից Վիեննա, Բրյուսել, Քյոլն և Ֆրանկֆուրտ», - նշել է Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենստանի և Հարավային Կովկասի վաճառքի գծով գլխավոր մենեջեր Ռենե Կոինչակը: