15/07/2021 09:35
«Հրապարակ». Հիմա էլ պատգամավորների «ձեռքի ծախսի փողն» են հնգապատկում
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված է նաև մի աղմկահարույց նախագիծ՝ իմքայլական Վիկտոր Ենգիբարյանի նախաձեռնությամբ։ Ենգիբարյանն առաջարկում է պատգամավորի գործունեության համար սահմանված ամսական 50 հազար դրամ փոխհատուցումը հնգապատկել՝ դարձնելով 250 հազար դրամ։
Փաստորեն, մեր երկրում ամենակարիքավոր խավը պատգամավորներն են, նրանց չեն բավարարում ստացած 600 հազարից մինչև 1 միլիոնի հասնող աշխատավարձերը, գումարած դրանց 30 տոկոսի չափով ամսական պարգևավճարները, հիմա էլ իրենց «ձեռքի ծախսի փողն» են հնգապատկում. պատգամավորների շրջանում ամսական 50 հազար դրամն ընդունված է «ձեռի փող» ասել։
Ի դեպ, խորհրդարանում վերջին օրերին բուռն «արտագաղթ» է. նախկին աշխատակազմը՝ պատգամավորների օգնականներ, խորհրդարան չանցած պատգամավորներ, ծանուցվել են, որ մինչև ամսվա կեսերը լքեն աշխատասենյակները, որպեսզի նորերը հասցնեն կոսմետիկ վերանորոգումներ անել, կահավորել ու տեղավորվել»։