15/07/2021 09:39
«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի ամեն ամսվա վերջին շաբաթ օրը հանդիպել արտախորհրդարանական ուժերի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտախորհրդարանական ուժերին հուլիսի 24-ին կրկին հանդիպման է հրավիրել: Ըստ թերթի տեղեկությունների՝ Փաշինյանը նպատակ ունի ամեն ամսվա վերջին շաբաթ օրը հանդիպել արտախորհրդարանական ուժերի հետ:
Իսկ իրականում այդ ուժերի հետ հանդիպումներն ընդամենը վերահսկողության տակ պահելու, խաղաղեցնելու, փողոցային պայքարից հեռու պահելու նպատակ են հետապնդում: Լավատեղյակ աղբյուրներից թերթը տեղեկանում է, որ մինչև այժմ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ որևէ պայմանավորվածություն չի եղել, որևէ ձևով չի ասվում, թե առաջիկայում այդ հանդիպումները ինչ են տալու, կամ ընդհանրապես որն է այդ հավաքների իմաստը:
Շատերը կարծել են, որ Փաշինյանը նպատակ ունի կիսել իշխանությունը նրանց հետ, կառավարությունում քաղաքական ուժերի լիդերներին պաշտոններ հատկացնել, սակայն մինչև այժմ որևէ բան չի արվել, որևէ խոստում չի տրվել:
Թերթի աղբյուրները նշում են, որ հանդիպումներին Փաշինյանն ասում է, որ պետք է համագործակցել, բայց թե ինչպես, ինչ ձևաչափով, որևէ փակագիծ չի բացում: Ու նաև դա է պատճառը, որ շատերը երկմտում են՝ մասնակցել այդ հավաքներին, թե հրաժարվել։