15/07/2021 15:54
«Հայելապատում». Դավիթ Սամվելյանի նոր գիրքը մարդու ինքնահայեցման մասին է
Հուլիսի 16-ին՝ ժամը 19։00-ին, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հրավիրում է Դավիթ Սամվելյանի «Հայելապատում» գրքի շնորհանդեսին։
«Համեցեք Աբովյան 7 հասցեում գտնվող «Զանգակ» գրատուն՝ ուրբաթ երեկոն գրքային միջավայրում անցկացնելու», - նշված է հրատարակչության տարածած հաղորդագրության մեջ:
Շնորհանդեսի ընթացքում խոսքով հանդես կգա գրքի խմբագիր Նշան Աբասյանը, կընթերցվեն հատվածներ գրքից։ Հեղինակը որոշակի մանրամասներ կներկայացնի գրքի ստեղծման, գաղափարի և կառուցվածքային ու սյուժետային առանձնահատկությունների մասին։
Շնորհանդեսի օրը գրքի վաճառքից գոյացած գումարի 20 տոկոսն ուղղվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Դավիթ Սամվելյանի «Հայելապատում» վիպակը, ինչպես անունն է հուշում, մարդու ինքնահայեցման մասին է։ Ստեղծագործության հերոսը, սակայն, ոչ թե հենց սկզբից խոհականորեն իր ներսն է նայում, հանդարտաբար ճանաչում ինքն իրեն, այլ, ասես, պեղում է սեփական հոգին, մարտնչում ինքն իր և աշխարհի դեմ։ Ի վերջո, փախչելով շրջապատից, ընտանիքից, երկրից՝ նա շտապում է դեպի բաղձալի ազատությունը։ Շուտով, սակայն, ամեն բան գլխիվայր շրջվում է․ հայելին աղավաղում էր պատկերը: