16/07/2021 09:48
«Ժողովուրդ». Բարձրանում է ոչ միայն բենզինի, այլև՝ բնական սեղմված և հեղուկ գազի գները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում վարորդները խիստ զայրացած են. բարձրանում է ոչ միայն բենզինի, այլև բնական սեղմված և հեղուկ գազի գները։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հեղուկ գազը թանկացել է: Մեկ լիտրն արժե 220 դրամ, մինչդեռ օրեր առաջ արժեր 190-200 դրամ: Ի դեպ, հեղուկ գազի մեկ լիտրը որոշ գազալցակայաններում վաճառվում է 230 դրամով: Օրինակ՝ համաշխարհային շուկայում նավթի գները համեմատաբար բարձրացել են, իսկ սեղմված և հեղուկ գազի գները կապված են նավթի գների հետ։ Խոշոր վաճառողները՝ Ռուսաստանը, Իրանը, Իրաքը, բարձրացրել են գները, որովհետև աշխարհում հեղուկ գազի պահանջարկն ընդհանուր աճել է:
Մյուս կողմից՝ Հայաստանում բենզինի գինը չի նվազում. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 480 դրամով, իսկ Պրեմիումը՝ 500 դրամով: Մասնագետների կանխատեսմամբ՝ առաջիկայում վառելիքը էլի կթանկանա՝ պայմանավորված նավթի համաշխարհային գների բարձրացմամբ: Նկատենք, որ դիզելային վառելիքի գինը ևս բարձրացել է՝ դառնալով 460 դրամ:
Իսկ եթե այս գինը պահպանվի կամ է՛լ ավելի բարձրանա, ապա բացասաբար կանդրադառնա գյուղատնտեսության վրա, քանի որ, ինչպես հայտնի է, այն ավելի շատ կիրառվում է հողագործական աշխատանքների ժամանակ»։