19/07/2021 23:12
«Անկախ մարդու ով լինելուց, Հայաստանում բոլորն օրենքի առաջ հավասար են». Ձերբակալվել է Խաչատուր Սուքիասյանի եղբայրը
Գործարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Խաչատուր Սուքիասյանի եղբայրը ձերբակալվել է։
Փաստաբան Գոռ Միքայելյանը հաստատել է, որ Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել է։
«Հիմնավոր փաստարկներով պնդում եմ, որ ձերբակալումն իրավաչափ չէ, և իմ կողմից արդեն բողոք է ներկայացվել դատարան»,-նշել է փաստաբանը։
Հիշեցնենք՝ երեկ Ամիրյան փողոցում կրակոցներ էին հնչել, ինչից հետո «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 1979թ. ծնված ԱՄՆ մի քաղաքացի՝ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով։
Խաչատուր Սուքիասյանը միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։
«Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո:
Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի Հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուքիասյանը։