20/07/2021 15:49
Եթե «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում կան խախտումներ, պետք է լինի նաև պատասխանատվություն՝ անկախ նրանից, թե ընկերությունը որքանով է կարևոր Հայաստանի համար. Բաբկեն Թունյան
Տնտեսագետ, Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը դժվարանում է ասել՝ երկնիշ տնտեսական աճ կունենանք, թե ոչ։
«Կանխատեսումներ անելը շատ անշնորհակալ ու բարդ գործ է, բայց այն, որ տնտեսական աճը կլինի ի սկզբանե կանխատեսված ցուցանիշից ավելի բարձր, արդեն ակնհայտ է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Թունյանը։
Նրա խոսքով՝ պետք չէ մեխանիկական ցուցանիշի վրա կենտրոնանալ։ Ըստ տնտեսագետի՝ կարող է լինել 7 տոկոս ավելի առողջ աճ, քան՝ 12 տոկոս։
«Այնպես որ, թվերից ավելի լավ է մի պահ խուսափենք», - նշեց Թունյանը։
Պատգամավորն ասաց, թե շինարարության ու հանրային ծառայությունների ոլորտը բավականին արագ է վերականգնվում։
«Բայց դա պայմանավորված է նաև նրանով, որ անցած տարի այդ ոլորտները շատ խորն անկման մեջ էին հայտնվել ու շրջանառությունն այնտեղ գրեթե զրոյի էր հավասարվել. այս տարի այդ կորսվածը վերականգնվում է, դրա համար ցուցանիշն ավելի բարձր է», - ասաց նա։
Թունյանը նշեց՝ բոլոր ոլորտներում էլ աճ կա ու ուրախալին այն է, որ արտահանման աճ էլ կա։
Անդրադառնալով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում տեղի ունեցող զարգացումներին՝ Թունյանն ասաց, որ գործարանում տեղի ունեցածն ավելի շատ իրավական բնույթի հարց է, ոչ թե տնտեսական։
«Իհարկե, լավ չի, երբ տնտեսվարողներն ու իրավապահ մարմիններն առնչություն են ունենում, բայց եթե կատարվում են որոշակի գործողություններ քննչական մարմինների կամ իրավապահների կողմից, նշանակում է՝ դրա համար կան որոշակի հիմքեր, այսինքն՝ անկախ նրանից՝ ընկերությունը որքանով է կարևոր Հայաստանի համար կամ ինչքան եկամուտ է ապահվոում Հայաստանի կամ բյուջեի համար, եթե կան խախտումներ, ապա այդ խախտումների համար պետք է լինի նաև պատասխանատվություն», - ասաց ԱԺ պատգամավորը։
Հիշեցնենք՝ կառավարության հուլիսի 1-ի նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե 2021 թվականի համար կանխատեսվում էր 3,2 տոկոս տնտեսական աճ, բայց տնտեսական աճի կանխատեսումները վերանայվում են դեպի վերև:
«Հիմա կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ», - ասել էր Փաշինյանը: