20/07/2021 16:18
Պետք չէ վախենալ տուրիզմի 319 տոկոս տնտեսական աճից. Հայաստանը շատ լավ նախադրյալներ ունի դառնալու նաև բժշկական տուրիզմի կենտրոն. Բաբկեն Թունյան
Շատ լավ է, որ մեր Էկոնոմիկայի նախարարը տնտեսական աճի բարձր նշաձող է սահմանել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Դա նշանակում է, որ ինքն ամեն ինչ կանի, որ տնտեսական աճի իր ասած ցուցանիշը ապահովի», - ասաց նա։
Ինչ վերաբերում է տուրիզմի 319 տոկոս տնտեսական աճին, Թունյանն ասաց, թե պետք չէ այդ թվից այդպես վախենալ։
«Որովհետև մենք ունեցել ենք տուրիզմի շատ կտրուկ անկում, այսինքն՝ 319 տոկոսով աճը նշանակում է չորս անգամ տուրիստների թվի ավելացում, անցած տարի մենք դրանից ավելի շատ անգամներով նվազում ենք ունեցել, այնպես որ, դա ոչ թե զարմանալի է, այլ՝ բնական, անբնական կլինի, երբ տուրիզմը անգամներով չվերականգնվի», - ասաց պատգամավորը։
Դիտարկմանը, թե իրանցիները գալիս են Հայաստանում պատվաստվելու ու հետ են վերադառնում՝ հաշվառվելով որպես զբոսաշրջիկներ, այս առումով արհեստական աճ չի՞ լինի տուրիզմի, տնտեսագետ պատգամավորն ասաց, թե Հայաստան պատվաստվելու համար եկողները դասական տուրիստներ են, որը կոչվում է բժշկական տուրիզմ։
«Կա խոհանոցային տուրիզմ, բժշկական և այլն, հիմա, եթե տուրիստը գալիս է Հայաստան, կլինի երկու թե երեք օր, ինքը գալիս է Հայաստանում գումար ծախսելու ու որոշակի ծառայութույններից օգտվելու համար, այդ ընթացքում ինքն օգտվում է հա՛մ հանրային սննդից, հա՛մ հյուրանոցային օբյեկտներից ու նաև պատվաստում է ստանում, սա լավ ու առողջ պրոցես է, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանը շատ լավ նախադրյալներ ունի՝ դառնալու նաև բժշկական տուրիզմի կենտրոն», - ավելացրեց Թունյանը։