20/07/2021 15:04
Շախմատը «կռվի» դաշտ է. քո որոշումից է կախված զինվորի ապրելը. Պատգամավորներն ու վիրավոր զինվորներն ուժերը փորձեցին շախմատում (Տեսանյութ)
Հուլիսի 20-ը Շախմատի միջազգային օրն է։ Զինվորի տան «Ռոբերտ Աբաջյանի անվան սրահում» անցկացվեց շախմատի առաջնություն վիրավոր զինվորների ու Ազգային ժողովի պատգամավորների միջև։
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Սերգեյ Զարգարյանը նշում է՝ շախմատը «կռվի» դաշտ է։
«Ամեն ինչ կախված է քո քայլերից, զգում ես քեզ ինչպես հրամանատար, այսինքն՝ քո որոշումից է կախված քո զինվորի ապրելը», - ասում է Սերգեյը։
Կոմայից հետո Սերգեյ Զարգարյանը հիշողության մեծ մասը կորցրել է. կռվել է Ջաբրայիլում ու հոկտեմբերի 30-ին վիրավորվել։
«Վիրավորվել եմ «բայրաքթարից». մեքենայի մեջ եղել ենք 20 հոգի, ողջ ենք մնացել երկուսով», - պատմում է Սերգեյը։
Ասում է՝ հոգեբանական ավելի ծանր վիճակում է եղել, քան ֆիզիկական։
«Էս ամեն ինչն անցողիկ է, բայց այն, ինչ դու տեսնում ես, չի մոռացվում», - նշում է Սերգեյը։
Զինվորներից Լաերտ Սաղաթելյանը քչախոս է. սիրում է չխոսել, բայց՝ հաղթել. Հենց այդպես էլ հաղթանակի հասավ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի նկատմամբ։
Թունյանը «հակառակորդի» շանսերը լավ է գանահատում։
«Ուժերի ամբողջ լարումով խաղացի ու հերոսաբար պարտվեցի», - նշեց Թունյանը։
Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը երկրորդ անգամ է պարտվում զինվոր Եղիշե Ավագյանին։
Եղիշեն նշում է՝ Հայրապետյանի հետ շատ լարված ու դժվարին խաղ են ունենում։ Մխիթար Հայրապետյանն էլ հատուկ էր պատրաստվել Եղիշեի հետ խաղին, բայց նշեց՝ իրեն ոչինչ չօգնեց. Եղիշեն կրկին առաջատար է։
Ավետիս Զարգարյանը շախմատում միշտ հաղթում է. այս անգամ էլ հաղթանակի հասավ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի նկատմամբ։
Ասում է՝ հեշտ չէր Արմեն Մուրադյանին հաղթելը, Մուրադյանն էլ նշում է՝ Ավետիսին պարտվելը պատիվ է։
«Սպորտի մեջ չկա հնարավորություն թույլ խաղալ կամ միտումնավոր ինչ-որ կոմբինացիաներ անել։ Մենք Ավետիսի հետ երկար տարիների ընկերեր ենք, բայց սպորտը միշտ հարգում է հաղթողներին, այնպես որ՝ հերոսին պարտվելն, այս պարագայում, պատիվ էր ինձ համար», - նշեց Մուրադյանը։
Պատերազմին կամավոր մեկնած Պետրոս Ֆենջյանն էլ մրցում էր պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ, ասում է՝ հետաքրքիր խաղընկեր էր Բագրատյանը, որը միանգամից նկատել է իր սխալները։
Ֆենջյանը Քարվաճառում է ծառայել, հոկտեմբերի 14-ին է վիրավորվել։ Պատերազմը շատ բան է փոխել Պետրոսի կյանքում, սկսկել է ճանաչել ինքն իրեն։
Թե ինչ պլաններ ունի ապագայի համար, նշում է՝ որոշել է ինքնահոսի թողնել, քանի որ միշտ չէ, որ պլանները մեր ուզածով են լինում։