21/07/2021 12:15
Դասապրոցեսն առկա ձևաչափով և առանց դասարանների բաժանման կազմակերպելու համար ուսհաստատությունների աշխատակիցների շրջանում պատվաստման մակարդակը պետք է լինի 60-70%
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու և նոր ուսումնական տարում դասապրոցեսի կազմակերպման հնարավոր տարբերակները նախորոշելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է հանդիպում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի և Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի մասնակցությամբ:
Աշխատանքային քննարկմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
Զրուցակիցներն ընդգծել են, որ դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ որոշումները պետք է փոխօգտավետ լինեն և՛ կրթական, և՛ առողջապահական ոլորտների համար:
«Անխոս, պետք է հաշվի առնենք հանրապետությունում առկա համաճարակաբանական իրավիճակը և ըստ այդմ՝ գտնենք լուծումներ բոլոր մակարդակներում պատշաճ կրթություն ապահովելու նպատակով»,- ասել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության, պատվաստումային գործընթացների ներկայիս դինամիկան և դրանցով պայմանավորված դասապրոցեսի կազմակերպման ձևերի վերաբերյալ դիրքորոշումը. «Հասկանալի է, որ սովորողներն ամիսներ շարունակ պետք է չզրկվեն առկա ձևաչափով կրթությունից, բայց և պետք է չկորցնել զգոնությունը: Այս իրավիճակում ամբողջ աշխարհն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում զգուշորեն վերաբերել հակահամաճարակային սահմանափակումները թուլացնելու հարցին: Ուսումնական գործընթացն առկա ձևաչափով կազմակերպելու համար առաջնահերթ անհրաժեշտ է պատվաստումների բավարար մակարդակ»:
Կողմերը համակարծիք են եղել, որ դասապրոցեսն առկա ձևաչափով և առանց դասարանների բաժանման կազմակերպելու համար ուսհաստատությունների աշխատակիցների շրջանում պատվաստման մակարդակը պետք է լինի առնվազն 60-70%:
Անդրադարձ է կատարվել նաև սանիտարական և համաճարակային այն պահանջներին, որոնց բավարարման դեպքում հնարավոր կլինի կազմակերպել կրթական գործընթացը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախարարությունն ակտիվ աշխատում է միջազգային գործընկերների հետ՝ դպրոցներին անհրաժեշտ միջոցներով ապահովելու նպատակով. «Դպրոցները կստանան հակահամաճարակային կանոնները պահելու համար անհրաժեշտ բոլոր նյութերը: Այս առումով որևէ խնդիր չի առաջանա»:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև պատվաստման գործընթացն ուսումնական հաստատություններում կազմակերպելու հնարավորություններին: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ աշխատակիցների կողմից ցանկության դեպքում Առողջապահության նախարարությունը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ ռեսուրսներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բժշկական կրթական ծրագրեր իրականացնող նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ծրագրերի որակը բարձրացնելու տարբերակները, դրանց համապատասխանությունն առողջապահական համակարգի ներկայիս պահանջներին:
Նշված հարցերի վերաբերյալ վերջնական և արդյունավետ որոշում կայացնելու նպատակով կողմերը բոլոր հնարավոր տարբերակներն ու առաջարկները քննարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել: