22/07/2021 11:55
Հայաստանում կորոնավիրուսի աճի տենդենցը մոտակա օրերին շարունակվելու է. ծայրահեղ ծանր վիճակում է 48 հոգի. Նանուշյան
Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ադրադարձավ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակին:
Նա նշեց, թե արդեն երկու օր ունենք կորոնավիրուսի տարածման երկու հարյուրից ավելի ցուցանիշ։
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը տեղեկացրեց, որ վերջին օրերի ընթացքում աճի որոշակի տենդենց գրանցվում է:
«Այս շաբաթ երկու հարյուրը հատել ենք, երեկ գրանցվել է 220 դեպք, այսօր արդեն 225 դեպք է գրանցվել: Մեր կանխատեսումներով՝ աճի տենդենցը մոտակա օրերին շարունակվելու է», - ասաց նա:
Նանուշյանի խոսքով՝ 3790 հոգի այս պահին բուժում է ստանում, որից 606-ը՝ հիվանդանոցային բուժում:
«282 հոգի ծանր վիճակում է, իսկ ծայրահեղ ծանր վիճակում՝ 48 հոգի», – ասաց նա։
Փոխնախարարը զգոնության կոչ արեց բնակչությանը։ Նա նշեց, որ մեր տարածաշրջանում վարակը լարված վիճակում է գտնվում:
«Այն երկրներում, որտեղ պատվաստումները մեծ տոկոսի է հասնում, այնտեղ հոսպիտալացումներն ու մահերը գրանցվում են այն մարդկանց մոտ, ովքեր պատվաստված չեն», - ասաց Նանուշյանը՝ կոչ անելով պատվաստվել:
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե հույս ունի, որ «լոքդաուների» ընդհանրապես չեն գնալու:
«Բայց սա պետք է անենք համատեղ ուժերով», - ասաց նա: