22/07/2021 19:56
Անհայտ կորած զինծառայողի մարմնի նույնականացման և հուղարկավորման դեպքում դադարեցվում է ամենամսյա 300 000 դրամ վճարի տրամադրումը. ՊՆ
ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշմամբ հաստատվել է «Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության միջոցառումը», իսկ ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 24-ի N 2180-Լ որոշմամբ` «2020թ. ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը»:
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըստ հիշյալ որոշումների, մինչև անհայտ կորած զինծառայողների կարգավիճակի հստակեցումը, յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի ընտանիքի անդամներին տրամադրվում է ամսական 300.000 ՀՀ դրամի չափով աջակցություն, բայց ոչ ավելի, քան 9 ամսվա համար` սկսած սույն միջոցառումը հաստատելու ամսվանից:
ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշմամբ սահմանված է, որ ամենամսյա դրամական վճարի տրամադրումն իրականացվում է «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի» միջոցով: Անհայտ կորած զինծառայողի մարմնի նույնականացման և հուղարկավորման դեպքում նրա ընտանիքի անդամների` հիմնադրամի շահառու ճանաչվելուց հետո դադարեցվում է ամենամսյա 300.000 ՀՀ դրամ վճարի տրամադրումը, իսկ վճարված գումարները նվազեցվում են շահառուի` հիմնադրամից վճարման ենթակա միանվագ գումարից: