22/07/2021 12:37
Միայն թե մի օր էլ չհնչի, որ հանուն Հայաստանի Հանրապետության փրկության պետք է հանձնել Արցախը. Կամո Աթայան
Արցախի անվտանգության երկարամյա երաշխավորից նրա սոցիալական անվտանգության դերակատարումը ստանձնած ՀՀ-ն ռազմական գործողությունների կասեցումից ի վեր, ասել է թե, տխրահռչակ կապիտուլյացիայից հետո, ոչ մի կարևոր ճակատում թեկուզ աննշան հաջողություն չի գրանցում: Խոսքը գնում է, մասնավորապես, դիվանագիտական, մշակութային, տնտեսական ճակատների մասին: Նույնիսկ լկտիացած Ադրբեջանն առ այս պահը օկուպացրած ԼՂՀ տարածքներ չի թողնում մշակութային հարուստ հայկական ժառանգության հետագա պահպանման հարցերով զբաղվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին, էլ չենք խոսում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ շարունակվող ոտնձգությունների մասին…
Ներքին ճակատում հերոսաբար մարտընչող ու «չագուջով» մեկը մյուսից տպավորիչ հաղթանակներ գրանցող ՀՀ պարտված, սակայն վերարտադրված իշխանությունները դեռևս զբաղված են պաշտոնների, դիրքերի բաժանմամբ: Նրանք դեռ արտաքին ճակատ չեն հասել ու տպավորություն է, որ չեն էլ ջանում այդտեղ հասնել…
Ադրբեջանի լկտի պահվածքը, նրա անպատիժ մնալը, հայկական կողմի ստրկական վիճակը, միջազգային հանրության լռությունը, ՌԴ-ի կողմից ուղարկվող մեսիջները, խոսում են այն մասին, որ մի օր էլ ընտրակենսազագվածին ի լուր կհայտնեն, որ հանուն վաղվա լիքը կերակրամանի, հանուն կենսազանգվածի ու ազերաթուրքական քիրվայության նոր էջի, վերջապես ՀՀ մասնատված մարմնի հետագա պահպանման նպատակով անհրաժեշտ է ազատվել Արցախից…
Երևի նկատում եք, թե ինչպիսի ջանասիրությամբ են դրսում, հաճախ առանց մեր ներկայության, մեր բարեկամներն ու թշնամիները շահագրգռված հայ-ազերիթուրքական «բարեկամությամբ», նրանց համատեղ ապրելու անհրաժեշտությամբ: Այդ նպատակով բարձրաստիճան պաշտոնյաներ են հանդիպում, քննարկումներ են կազմակերպվում, լրատվական մտածված արտահոսքեր են լինում…
Այն, որ մեր իրականության մեջ վերջին տարիներին գործում է հասարակական գիտակցության խեղաթյուրման հստակ տեխնոլոգիա, կասկածից վեր է: Թեկուզև այն իրավիճակը, երբ մեծ արագությամբ ազգակործան պրոցեսները մեկը մյուսին հաջորդում են ու հասարակական գիտակցության մեջ էական նստվածք՝ հետևաբար նաև մարսման հնարավորություն չեն թողնում, հանդիսանում է դրա հիմնական տարրերից մեկը: Հետադարձ հայացք ձգելով վերջին 10 ամսվա ողբերգական իրադարձություններին ու հասարակության կողմից դրանց նկատմամբ անդրադարձին, հեշտությամբ կարելի է համոզվել ասածի ճշմարտացիության մեջ: