22/07/2021 23:04
Ադրբեջանը փորձում է զավթել ՀՀ ինքնիշխան տարածքները. այս սադրանքները պետք է արժանանան միջազգային հանրության պատշաճ արձագանքին. Արմեն Գրիգորյան
Աշնանը Ադրբեջանը, Թուրքիայի և Սիրիայի ու Լիբիայի զինյալ ահաբեկիչների անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ, լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ հանգեցնելով հազարավոր զոհերի, տասնյակ հազարավոր վիրավորների, տեղահանվածների՝ պատճառելով նյութական կորուստներ և վնասելով ենթակառուցվածքները, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին հայտարարել է ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը։
Նա նշել , որ Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջաններ, որոնք բռնագրավվել են ուժի կիրառման արդյունքում, էթնիկ զտման են ընթարկվել, իսկ բնակչությունը դարձել է ռազմական հանցագործությունների և զանգվածային վայրագությունների զոհ:
«Ադրբեջանը ուժ գործադրեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճնշելու համար` խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, որը, ի թիվս այլոց, հստակ սահմանում է, որ բոլոր միջազգային վեճերը պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով:
Հարձակման 44 օրվա ընթացքում ադրբեջանական բանակը թույլ է տվել միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ, այդ թվում` միջազգային մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքների, միտումնավոր և համակարգված թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես` դպրոցները, հիվանդանոցները, ծննդատները, կապի միջոցները, ինչպես նաև վանդալիզմի ենթարկել և ոչնչացնել հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը: Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է իր ոտնձգությունները հրաժարվելով վերադարձնել գերության մեջ գտնվող հայ ռազմագերիներին, տարածքային պահանջներ ներկայացնելով և փորձելով զավթել ՀՀ ինքնիշխան տարածքները և արգելափակել միջազգային մարդասիրական ջանքերի մուտքը Արցախ»,-նշել է ԱԳ նախարարի պարտականությունները կատարողը։
Արմեն Գրիգորյանն ընդգծել է՝ այս սադրանքները պետք է արժանանան միջազգային հանրության պատշաճ արձագանքին:
«Մարդասիրական առաքելությունների, և հատկապես ՄԱԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղ մուտքը պետք է արագ և անվերապահ կերպով ապահովվի: Անհրաժեշտ են հավելյալ միջազգային ջանքեր` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը խթանելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծման շուրջ քննարկումները շարունակելու համար»,-ասել է նա։