22/07/2021 13:03
Հրաշալի է՝ թատրոնները միավորվում են, քանի որ միավորումներ կան, որ փրկություն են. Վահրամ Դումանյան
Թատրոնների՝ իրար միացումը բացարձակ օպտիմալացում չէ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը։
«Դեռևս միավորված չեն, բայց կա նման գաղափար և դա լիովին տեղավորվում է նախարարության կողմից վարվող ոլորտային քաղաքականության մեջ։ Դա ինքնանպատակ չի։ Դա մանրակրկիտ քննարկվել է և միայն Կամերային կամ Պարոնյանի անվան թատրոններով չի։ Մենք ունենք այլ կազմակերպություններ, որոնք ունեն լրջագույն խնդիրներ և ավելի լավ պայմաններ ենք առաջարկում իրենց», - ասաց նախարարի պաշտոնակատարը։
Լրագրողների դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը կոշտ գնահատական էր հնչեցրել թատրոնների մասին՝ ասելով, որ տարեկան մեկ ներկայացում հազիվ են բեմադրում, Դումանյանն արձագանքեց.
«Մենք Հրաչյա Հակոբյանի հետ որևէ քննարկում չենք ունեցել, նա իր մասնավոր կարծիքն է հայտնել և չեմ կարծում, որ պետք է մեկնաբանեմ Հակոբյանի հարցազրույցը»:
Մյուս դիտարկմանը, թե լուրեր կան, որ ռեստորան են դարձնելու թատրոնի շենքը, Վահրամ Դումանյանն արձագանքեց.
«Բացառված է, չկա նման բան։ Մենք ունենք պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը խորթ զավակ չի և տարիներ շարունակ չունի իրեն ամրագրված շենք։ Որևիցե մեկի հաշվին որևէ բան չի արվում։ Բոլորը պետական կազմակերպություններ են»։
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ հրաշալի է, որ թատրոնները միավորվում են, քանի որ, ըստ նրա, միավորումներ կան, որ փրկություն են։
«Որևէ կրճատման հարց չկա, ենթադրվում է, որ կլուծվի պետական սիմֆոնիկ նվագախմբի հարցը։ Այդ թատրոնն, իրենց դերասաններով հանդերձ, հայտնվում է շատ ավելի լավ պայմաններում», - ասաց Դումանյանը։