24/07/2021 10:00
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը փոխում է արտաքին քաղաքական կուրսը՝ պաշտոնանկ անում ռուսամետներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում վերջին կադրային փոփոխություններից տպավորություն կա, որ Նիկոլ Փաշինյանը փոխում է արտաքին քաղաքական կուրսը՝ առանցքային ոլորտներում նշանակելով հակառուսական դիրքորոշումներով անձանց։ Պաշտոնանկ է անում ռուսամետներին, օրինակ՝ Վաղարշակ Հարությունյանին, և նշանակում արևմտյան կենտրոններից կառավարվող, երբեմն՝ թշնամի պետությունների հատուկ ծառայությունների հետ կապված անձանց։
Մեր իշխանությունների այս պահվածքը չի վրիպում ռուսների և պրոռուսական շրջանակների աչքից, այս մասին խոսում են նաև խաղաղապահները։ Սյունիքում առաքելություն իրականացնող ռուս խաղաղարարները հայ ազգաբնակչության հետ շփումներում չեն թաքցնում իրենց դժգոհությունը՝ հայտարարելով, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հարցում մեղավոր են ՀՀ իշխանությունները, որոնք ամեն ինչ անում են, որ տպավորություն ստեղծվի, թե ՌԴ-ն չի կարողանում իրականացնել իր պարտականությունը, և դա արվում է մի նպատակով, որ արևմտյան զորքեր մտցնեն։
Պատահական չէ, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը երեկ հայտարարեց, թե կքննարկեն պաշտպանության խնդրի հետ կապված ՀՀ առաջարկը։ Խոսքը ՄԽ անդամ պետությունների զորքերի տեղակայման մասին է»։