26/07/2021 14:06
Հայաստանի ատոմային ոլորտի ավանդույթները նպաստում են միջուկային բժշկության ակտիվ զարգացմանը. Նատալյա Շենգելիա դե Լանգե
2021 թվականին Հայաստանը նշում է ատոմային ոլորտի 55 ամյակը։ 1966թ. սեպտեմբերի 17-ին ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշում կայացրեց Հարավային Կովկասում առաջին ատոմակայանի՝ ՀԱԷԿ-ի կառուցման մասին: Այն դարձավ երկրի ատոմային ոլորտի պատմության մեկնակետը։
Հայաստանում ատոմակայանը ոչ միայն էներգետիկ անկախություն է, այլեւ տեխնոլոգիաների զարգացման ներուժ։ Ատոմակայանը խթանում է ատոմային ոլորտում գիտության ու կրթության զարգացմանը, ինչը նշանակում է նորարարական գաղափարների ծնունդ ու դրանց իրականացում: Ժամանակակից աշխարհում ատոմային տեխնոլոգիաների կիրառման կարևորագույն ուղղություններից մեկը միջուկային բժշկությունն է։ Հայաստանի միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի ղեկավար Նատալյա Շենգելիա դե Լանգեն կարծում է, որ Հայաստանի ատոմային ոլորտի ավանդույթները, որոնք արդեն 55 տարեկան են, նպաստում են բժշկության ակտիվ զարգացմանը:
Վերջին տարիներին Հայաստանում այդ ուղղությունն ակտիվորեն զարգանում է. գործարկվել է ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը, Հայաստանում առաջին անգամ իրականացվել է պոզիտրոնամիսիոն տոմոգրաֆիա (ՊԷՏ - ԿՏ), որը չարորակ գոյացությունների ախտորոշման հիմնական մեթոդներից մեկն է:
Նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բազայի վրա բացվել է միջուկային բժշկության եվրոպական կենտրոնը, որը հագեցած է՝ հաշվի առնելով միջուկային անվտանգության պահանջներն ու համապատասխանում Է ՄԱԳԱՏԷ-ի և Հայաստանի պետական վերահսկողության բոլոր նորմերին: Կենտրոնում իզոտոպների օգնությամբ իրականացվում է օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշում ու սկսվել է ռադիոակտիվ յոդի օգտագործումը վահանաձեւ գեղձի քաղցկեղի բուժման համար, որը Հարավային Կովկասում տարածվածությամբ երկրորդ տեղն է զբաղեցնում:
«Մեր հիվանդների 80 տոկոսը օնկոլոգիական հիվանդություններով մարդիկ են», – պատմում է Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի ղեկավար Նատալիա Շենգելիա դե Լանգեն:
«Մեր կենտրոնի գործունեության ընթացքում արդեն 300 մարդ բուժում է ստացել։ Մեզ համար շատ կարևոր է, որ այս փուլում, այնպիսի մեծ խնդիրը, ինչպիսին վահանաձև գեղձի քաղցկեղն է, հնարավոր է լուծել առանց երկրից դուրս գալու։ Հետագայում մենք նախատեսում ենք ներդնել իզոտոպային բուժում և այլ բարդ հիվանդություններ բուժելու գործընթաց սկսել, այդպիսով Հայաստանում բարձրացնելով միջուկային բժշկության մակարդակը»,-նշում է փորձագետը:
Հաշվի առնելով բժշկության այս ուղղության առանձնահատկությունները՝ բժիշկների հետ միասին աշխատում են հատուկ վերապատրաստված միջուկային ֆիզիկոսները։ Կենտրոնում ընդգծում են հայ մասնագետների պատրաստվածության բարձր մակարդակը։ Մեր երկրում Հայկական ԱԷԿ-ի շնորհիվ ի հայտ եկած մասնագետներն այսօր իրենց գտնում են ոչ միայն էներգետիկ ոլորտում, այլև՝ բժշկության մեջ:
«Հայաստանում ատոմային ոլորտի ավանդույթները մեզ համար շատ կարևոր են, որովհետև մեր կենտրոնում պահանջված են ոչ միայն բժիշկները։ Մեծ ուշադրություն է դարձվում ֆիզիկոսներին, որոնք աշխատում են ռադիոակտիվ նյութերի հետ։ Երկրում, շնորհիվ պրոֆիլային բուհերի առկայության, կա անձնակազմ, որը կարող է աշխատել բարձր մակարդակով աշխատել միջուկային տեխնոլոգիաների հետ՝ կենսագործունեության տարբեր ոլորտներում»,-ասում է Նատալյա Շենգելիա դե Լանգեն։
Միջուկային բժշկության ու ժամանակակից կյանքում միջուկային տեխնոլոգիաների կիրառման մասին հնարավոր կլինի տեղեկանալ նաև ատոմային տեխնոլոգիաների երեկոյի ընթացքում, որի կազմակերպիչն Է «Ռոսատոմ» պետական կորպորացիան՝ ՀՀ ԳԱԱ-ի Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հետ համատեղ: Հուլիսի 30-ին Ռուսաստանից ու Բելառուսից հրավիրված երիտասարդ գիտնականները կպատմեն, թե ինչպես է ատոմը օգնում գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, տիեզերքի ուսումնասիրության, կոմպոզիտային նյութերի մշակման և արտադրության ու նույնիսկ կենդանիների փրկության գործում: Միջոցառման մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել Ռոսատոմի Look around Armenia կրթական նախագծի էջում։
Հայաստանի ատմոյաին ոլորտի 55-ամյակը
2021 թվականին Հայաստանում նշում են ատոմային ոլորտի 55 ամյակը։ 1966թ. սեպտեմբերի 17-ին դարձավ երկրի ատոմային ոլորտի պատմության մեկնակետը․ Հայկական ԽՍՀ Կառավարության նախաձեռնությամբ, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի հետ համատեղ որոշում կայացվեց Հայաստանում առաջին ԱԷԿ-ի կառուցման մասին: Ամբողջ նորմատիվ բազան ստեղծվել է զրոյից. Հայկական ԱԷԿ-ի նախագիծը խորհրդային ատոմագետների եզակի տեխնոլոգիական լուծումն էր։ Սա առաջին ատոմակայանն էր բարձր սեյսմակայնությամբ շրջանների համար։ Ամբողջ աշխարհի սեյսմավտանգ շրջաններում կայաններն այսօր կառուցվում են դրա օրինակով։ Հայկական ԱԷԿ-ի №1 էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերի 25-ին, իսկ № 2-5 էներգաբլոկը ՝ 1980 թվականի հունվարի 5-ին: Այսօր ՀԱԷԿ-ը արտադրում է երկրի ամբողջ էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը՝ ապահովելով Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և անկախությունը:
Հայաստանի ատոմային ոլորտը զարգացել է երկրի գիտական կենտրոնների և ճյուղային ձեռնարկությունների շնորհիվ․ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ, Հայաստանի կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե, ԱԷԿ-ի շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և այլն:
Ատոմային ոլորտը չի սահմանափակվում էներգետիկայով և թույլ է տվել տեխնոլոգիաներ կիրառել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բժշկությունը, տիեզերքը, գյուղատնտեսությունը։ Մասնավորապես, Հայաստանում ակտիվորեն զարգանում է միջուկային բժշկությունը. վերջին մի քանի տարիների ընթացքում երկրում սկսվել է իզոտոպների մշակում, առաջին անգամ անցկացվել է առաջին պոզիտրոնային-էմիսիոն տոմոգրաֆիա։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում ազգային գիտական լաբորատորիան, Ա.Ալիխանյանի (ԵրՖԻ) ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Վ. Ա. Ֆանարջյանի ռադիոակտիվ իզոտոպների Կենտրոնը, Երեւանի միջուկային բժշկության կենտրոնը: