27/07/2021 09:21
«Փաստ». Իշխանության ամենավերին «գագաթից» ուղիղ հրահանգ է եղել՝ կանխել Սյունիքի կալանավորված համայնքապետների աջակցության ստորագրահավաքը
«Փաստ» թերթը գրում է.
«Երևանում մի քանի օր առաջ մեկնարկել է ստորագրահավաք՝ ի աջակցություն Սյունիքի կալանավորված համայնքապետների: Սակայն իրավապահները խոչընդոտել են ստորագրահավաքի անցկացումը, որն իրականացվում էր Հյուսիսային պողոտայում: «Փաստ» թերթի տեղեկություններով, քաղաքական իշխանությունը բավականին անհանգստացած է այս նախաձեռնությամբ, և իշխանության ամենավերին «գագաթից» ուղիղ հրահանգ է եղել՝ ամեն կերպ կանխել ստորագրահավաքը:
Սակայն դա չի խանգարում շարունակել նախաձեռնությունը, և ստորագրահավաքն իրականացվում է թե՛ Հայաստանի այլ բնակավայրերում, թե՛ առցանց տարբերակով: Մեր ունեցած տեղեկություններով, ստորագրահավաքին արդեն իսկ միացել են մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում՝ բավականին հայտնի քաղաքական, հասարակական գործիչներ, մտավորականներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, շարքային քաղաքացիներ: Մենք տեղեկություններ ունենք, որ տարբեր ակցիաներ են իրականացվելու նաև Սյունիքի և ընդհանրապես հանրապետության տարբեր բնակավայրերում:
Հիշեցնենք, որ ստորագրահավաքին միացողները պահանջում են անհապաղ ազատ արձակել Սյունիքի՝ կալանավորված համայնքապետներին: Կալանավորված են Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը և Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը, ինչպես նաև ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում