28/07/2021 14:41
Նախատեսվում է 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել
E-draft.am իրավական ակտերի կայքում շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծ՝ «Վարժական հավաքներ հայտարարելու մասին»։ Նախատեսվում է 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։
Առաջարկվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով։
Հավաքի նպատակն է՝ քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելը, մասնագիտական պատրաստումն ու վերապատրաստումը, նաև բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստումը։
Առաջարկվում է վարժական հավաքներին ներգրավվել մինչև 869 քաղաքացու, որոնցից 576-ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ։
Վարժական հավաքներին կներգրավվեն զինվորական 10 մասնագիտություններով պահեստազորայիններ։