28/07/2021 09:07
Ադրբեջանի կողմից ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ինքնիշխան տարածք մայիսի 12-ից ներթափանցած ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել են տեղային մարտեր։ Ըստ նախնական տվյալների, կան մարդկային կորուստներ։
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է՝ հատկանշական է, որ ադրբեջանական կողմը գնում է իրավիճակի միտումնավոր սրման այն պայմաններում, երբ շարունակվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հիմնավորում է նմանօրինակ գործողությունները Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական պահանջների առաջադրմամբ։
Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը։
Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ադրբեջանական կողմի ռազմական գործողությունները։ Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։