28/07/2021 17:56
«Ապաքինվելուց հետո պատրաստ եմ նորից պոստեր բարձրանալ ու մեր սահմանները պահել». այսօր վիրավորված զինվորները վստահեցնում են՝ համարժեք պատասխան են տվել հակառակորդին (Տեսանյութ)
Ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով վիրավորված զինվորները պատրաստ են առողջանալուց հետո շարք վերադառնալ:
«Կարաուլ էինք կանգնած, մառախուղ էր, մութ էր, իրանց բլինդաժը մեզնից 10 մետր էր ներքև, միանգամից սկսեցին կրակել, էլ չհասկացա՝ ինչ կատարվեց», - պատմում է զինծառայող Դավիթ Ղազարյանը:
Անդրանիկ Ալեքսանյանը հիշում է, որ հակառակորդը հանկարծակի է սկսել կրակել:
«Իրենք սկսեցին 03:30-ի մոտերը, մենք համարժեք պատասխանը տվեցինք, փորձում էինք ամեն ինչ անել: Ապաքինվելուց հետո պատրաստ եմ մեկնել իմ զորամաս ու շարունակել ծառայությունս նույն ձև՝ նորից պոստեր բարձրանալով ու մեր սահմանները պահելով», - ասում է Ալեքսանյանը:
ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի խոսքով՝ վիրավոր զինվորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը բավարար է, մեկինը՝ միջին ծանրության: