29/07/2021 12:58
Երեկ վիրավորում ստացած զինվորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Հակառակորդի սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինվորները գտնվում են հոսպիտալում, լրագրողներին ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորի առողջականում որևէ փոփոխություն չկա։
«Վիճակը մնում է ծայրահեղ ծանր», - ասաց նախարարի պաշտոնակատարը։
Ավանեսյանն այլ մանրամասներ չհաղորդեց՝ խնդրելով դիմել Պաշտպանության նախարարություն։
Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, ընթանում են տեղային մարտեր: Մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ, ևս հինգ զինծառայող վիրավոր է:
Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Ռուսական կողմի միջնորդությամբ կողմերը հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել:
Այսօր՝ ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող։