29/07/2021 11:33
Հայաստանը դիտարկում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը. ՌԴ-ի հետ քննարկում կլինի. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է ապօրինի կերպով մնալ ՀՀ տարածքում, այլև շարունակաբար սադրիչ գործողություններ է ձեռնարկում՝ փորձելով վարկաբեկել ՀԱՊԿ-ի համակարգը։
«Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է իբր սադրանք գործադրելու մեջ։ Լինելով ՀԱՊԿ անդամ, որը սեպտեմբերից ստանձնելու է կազմապերպության նախագահությունը, Հայաստանը հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը, ու ես պաշտոնապես բացառում եմ ՀՀ զինված ուժերի կողմից որևէ սադրիչ գործողություն», - ասաց նա։
Փաշինյանը նշեց, թե Ադրբեջանի ու Հայաստանի փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։
«ՀԱՊԿ-ի շրջանակում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ», - ասաց նա։
Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի փորձերը՝ ցույց տալ, թե Հայաստանը դեմ է սահմանների դելիմիտացիա ու դեմարկացիա սկսելու գործընթացին, որևէ կապ չունի իրականության հետ։
«Մենք կողմ ենք, ավելին, նման գործընթաց մեկնարկելու, տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատելու մանդատ ենք ստացել սեփական ժողովրդից։ Դեռևս մայիսի 27-ի ԱԽ նիստում ես բարձրաձայնել եմ մեր պատկերացումները սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների մեկնարկի վերաբերյալ», - ասաց նա։
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումի ռիսկի։
Նա նշեց, թե այս թեման պատրաստվում են քննարկել ռուս գործընկերների հետ։
«Մեր կառավարությունը պատրաստվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները տարածաշրջանում անվտանգություն, խաղաղություն ու կայունություն ապահովելու համար, մենք գործելու ենք ՀՀ քաղաքացիներից ստացած մանդատին համապատասխան», - վաստահեցրեց Փաշինյանը։