ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մեկնաբաել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։
«2021թ. հուլիսի 28-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել մարտական բախումներ, որոնց հետևանքով զոհվել են ՀՀ զինված ուժերի երեք զինծառայողներ, չորսը վիրավորվել են։ Իմ խորը ցավակցություններն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին։
Լուրջ անհանգստություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա սրման վտանգը, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ 2020թ. նոյեմբերի 10-ի Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման վրա։ Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը։
Հակասությունների կարգավորման համար պետք է կիրառվեն բացառապես քաղաքական ու դիվանագիտական մեթոդները։
Ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության ջանքերն՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը», - ասված է Ստանիսլավ Զասի մեկնաբանության մեջ։
Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, ընթանում են տեղային մարտեր: Մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ, ևս հինգ զինծառայող վիրավոր է:
Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Ռուսական կողմի միջնորդությամբ կողմերը հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել:
Այսօր՝ ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է:
Ժամը 08։40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: