29/07/2021 09:37
«Ժողովուրդ». Վաղարշակ Հարությունյանը հնարավոր է՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվի
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վաղարշակ Հարությունյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարականից հետո նրա մտերիմները, շրջապատող մարդիկ փորձել են կապ հաստատել նրա հետ և հասկանալ հրաժարականի պատճառները: Բանն այն է, որ իրականում Վաղարշակ Հարությունյանի հրաժարականն անակնկալ է եղել շատերի համար: Եվ, ահա, թերթի տեղեկություններով՝ Վաղարշակ Հարությունյանն ասել է, թե անհանգստանալու որևէ պատճառ առկա չէ, պարզապես փոփոխությունների գործընթաց է սկսվել, որին պետք է նորմալ վերաբերվել:
Ըստ էության, նա իր մտերիմ պաշտոնատար անձ հանդիսացող ընկերներին այդպես է բացատրել իր հեռանալը համակարգից՝ ասելով, թե որևէ այլ խնդիր առկա չէ: Մինչդեռ լուրեր կան, որ հնարավոր է՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվի:
Հիշեցնենք, որ այժմ Արշակ Կարապետյանը, որը մինչ այդ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալն էր, այժմ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և ըստ էության նաև կատարում է նախարարի պարտականությունները:
Բանն այն է, որ նախարարներ կարող են նշանակվել միայն նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստից հետո՝ հնգօրյա ժամկետում: Այժմ կառավարության անդամները պաշտոնակատարներ են։