29/07/2021 13:06
ՀԱՊԿ-ին ուղղված Փաշինյանի առաջարկը քաղաքական բնույթ է կրում. Պետդումայի կոմիտեի ղեկավար
ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայելու վերաբերյալ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկն ունի քաղաքական բնույթ, այդ մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Անվտանգության նման հարցերն առավել հաճախ լուծվում են լուռ: Մամուլի ներկայությամբ, բաց տարածքներում հայտարարություններն արվում են այն ժամանակ, երբ անհրաժեշտ է վաստակել որոշ քաղաքական միավորներ, հաստատվել կառավարության մակարդակում, խորհրդարանում կամ ինչ-որ այլ տեղ», - ասել է Կալաշնիկովը «Ինտերֆաքս»-ին:
Նա կարծում է, որ սկզբում Փաշինյանը կարող էր համապատասխան գաղափարները քննարկել սեփական մակարդակով:
«Չէ որ նա ՀԱՊԿ անդամ է, հասկանում է այս կազմակերպության անդամ երկրների դիրքորոշումները, մասնավորապես՝ Տաջիկստանում, հասկանում է, որ այժմ այնտեղ անհանգիստ է: Այս առումով դա պետք է արվի շատ կոկիկ», - նշել է կոմիտեի ղեկավարը:
Ըստ Կալաշնիկովի՝ «հարցը շատ բարդ է, լուրջ, առաջին հերթին այն պետք է լուծեն երեք առաջնորդներ՝ Պուտինը, Ալիևը և Փաշինյանը»:
«Եթե այն հանվում է առաջին հերթին հանրության առջև, ապա դրանից ավելի շատ քաղաքականության հոտ է գալիս», - ասել է Կալաշնիկովը: