30/07/2021 17:35
Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան և կոչ արել դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից
Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով Եվրոպական խորհրդարանի մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովաչովը և Եվրոպական խորհրդարանի՝ Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Ժելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կապված ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի ագրեսիայի հետ:
«Մենք ցավում ենք հուլիսի 28-ին Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանին ադրբեջանական զորքերի հետ բախումներում երեք հայ զինծառայողների մահվան դեպքի առթիվ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վաղ առավոտյան հրետակոծվել են հայկական դիրքեր և մի շարք գյուղեր, մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին: Ցավոք, սա վերջին ամիսների միջադեպերի կամ սադրանքների շարքից է, ներառյալ՝ միջպետական սահմանի խախտումները, որոնք սկսվել են մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի Հայաստան ներխուժումից: Նախիջևանի հետ սահմանին տեղի ունեցած վերջին փոխհրաձգությունը, որտեղ զոհվել է ևս մեկ հայ զինծառայող, ոչ պակաս մտահոգություն է առաջացրել», - ասված է հայտարարության մեջ:
Եվրախորհրդարանականները կողմերին կոչ են անում զերծ մնալ սադրանքներից, պահպանել հրադադարի ռեժիմը և զորքերը դուրս բերել իրենց նախնական դիրքեր, որտեղ գտնվում էին մինչև մայիսի 12-ը՝ նշելով, որ բոլոր սահմանային վեճերը պետք է լուծվեն սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ բանակցություններով:
Հայտարարությունում նաև նշվում է, որ պետք է դադարեցնել սադրիչ հռետորաբանությունը: Այս համատեքստում եվրոպացի պատգամավորները դատապարտում են, այսպես կոչված, «Արևմտյան Զանգեզուրի» մասին Ադրբեջանի պաշտոնյաների վերջին հայտարարությունները, որոնցում նշվում է նաև, թե ՀՀ տարածքն իրենց «նախնիների հողն» է:
Հայտարարության համահեղինակները նաև վերահաստատել են վստահության ամրապնդման վերաբերյալ ԵՄ հավատարմությունը և կոչ արել վերսկսել խաղաղ բանակցությունները՝ հակամարտությունը լուծելու և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար: