30/07/2021 09:56
«Ժողովուրդ». Փաշինյանը մտերիմների շրջանում ասել է, որ ռուսական կողմից «դաբրո» ունի Վահե Հակոբյանին զրկել պաշտոնից
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունը նպատակ է դրել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանին զրկել Զանգեզուրի պղնձեմոլիբդենային կոմբինատի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից: Ըստ մեր տեղեկությունների՝ այդ պրոցեսն իրականացվում է անձամբ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրահանգով:
Մեր աղբյուրները նշում են, որ Փաշինյանն իր մտերիմ շրջապատում հայտարարել է, որ Սյունիքի մարզում իրեն հայհոյանքներով դիմավորելու, համայնքի ղեկավարներին իր դեմ հանելու համար Հակոբյանը պետք է պատժվի ու զրկվի իր այդ պաշտոնից: Ըստ մեր տեղեկությունների՝ անգամ Փաշինյանը նշել է, որ ռուսական կողմից «դաբրո» ունի իր նպատակին հասնելու համար ու ամեն գնով հասնելու է դրան:
Հիշեցնենք, որ դեռեւս հուլիսի 14-ին ԱԱԾ հատուկ ջոկատայինները արգելափակել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) վարչական շենքի մուտքերը ու տարբեր աշխատակիցների առանց բացատրություն տալու բերման էին ենթարկում: Վահե Հակոբյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ իրենց որևէ բացատրությունն չեն տալիս այդ ամենի համար, ինչ-որ հատուկ գործողություններ են իրականացնում:
Արդեն քանի օր է՝ մենք փորձում ենք այս հարցերի շուրջ զրուցել Վահե Հակոբյանի հետ, սակայն ապարդյուն. Հակոբյանը կտրականապես մեր հեռախոսազանգերին չի արձագանքում:
Ընդ որում, հանքում ստուգումների, պրոբլեմներ գտնելու գործընթացն իրականացվում է ինչպես ԱԱԾ-ի, այնպես էլ պետական այլ վերահսկող կառույցների կողմից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։