30/07/2021 15:29
Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է թաղման հանձնաժողով բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ:
Հանձնաժողովը կղեկավարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:
Հուլիսի 29-ին կյանքից հեռացել է բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանը:
Արմեն Շեկոյանը ծնվել է 1953 թվականի մարտի 28-ին: 1974 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985 թվականին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։
Աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, իսկ 1976-1990 թվականներին՝ «Ծիծեռնակ» ամսագրում, Գրական ինստիտուտում «Սովետական գրող» հրատարակչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում: 1990-1992 թվականներին եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիր, 1992-1997 թվականներին եղել է Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը։