02/08/2021 16:46
Սահմանին լարվածության ռիսկերը բավականին բարձր են. Հայաստանը ծանր ռազմաքաղաքական իրավիճակում է. Տիգրան Աբրահամյան
Իշխանության քննարկումները որևէ առնչություն չունեն մեր շուրջ ստեղծված սպառնալիքների հետ, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ սահմանին լարվածության ռիսկերը բավականին բարձր են, ինչը պայմանավորված է նրանով, որ այն ճնշումները, որոնք գործադրվում են Հայաստանի վրա, ունեն կոնկրետ պատճառներ։
Պատգամավորի խոսքով՝ սահմանին լարվածությամբ Ադրբեջանը փորձում է ազդել և՛ հայ հասարակության, և՛ ՀՀ իշխանության վրա։
«Անարժանապտիվ խաղաղությունը որևէ ձևով չի կարող մեր տարածաշրջանին երկարատև խաղաղություն ու անվտանգություն բերել ու այս տեսանկյունից պետք է նշել, որ այն քայլերը, որոնք դրված էին ու նախատեսված էին մեր երկրի համար անվտանգային միջավայր ստեղծելու, որևէ ձևով իրենց նպատակին չեն ծառայել», - ասաց Աբրահամյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչն ասաց, որ այս իշխանությունը պատերազմի ավարտից ութ-ինն ամիս անց ՀՀ անվտանգության ապահովման ուղղությամբ պատշաճ աշխատանք չի իրականացրել։
«Այսօր Հայաստանը բավականին ծանր ռազմաքաղաքական իրավիճակում է», - ասաց նա։