03/08/2021 23:01
Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով դիտորդներ տեղակայելու մասին Փաշինյանի առաջարկի շուրջ գործնական աշխատանք է տարվում. ՌԴ դեսպան
Գործնական աշխատանք է տարվում՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս կամ միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկի շուրջ, հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ «Հանրային հեռուստաընկերության» եթերում։
«Այդ գաղափարը Սյունիքի մարզում մասնակիորեն իրագործվել է, որտեղ հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուս սահմանապահների հենակետեր են տեղակայված՝ ի հավելումն, այսպես ասենք, ծառայության այն վայրերի, որոնք ավանդաբար ռուս սահմանապահներին են վերապահվել։ Հիշեցնեմ, որ դա Իրանի և Թուրքիայի հետ սահմանն է։ Այժմ Ռուսաստանից լրացուցիչ միջոցներ են ներգրավվել, այդ թվում՝ անձնակազմ, որպեսզի մեր սահմանապահներին տեղակայենք այդպիսի խնդրահարույց վայրերում, մասնավորապես այն վայրերում, որտեղ ճանապարհը երկու տարածքով է անցնում», - ասել է Կոպիրկինը։
«Ինչ վերաբերվում է մյուս խնդրահարույց տարածքներին, ապա կարող եմ ասել, որ այդ խնդիրները քննարկվում են ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ։ Մենք հասկանում ենք խնդրի կարևորությունն՝ ամբողջությամբ։ Ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, բայց դա այն հարցն է, որը եռակողմ ձևաչափում հավելյալ քննարկման կարիք ունի։ Այդպիսի աշխատանք տարվում է, գործնական աշխատանք», - հայտարարել է ՌԴ դեսպանը։
Հիշեցնենք՝ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի ու Հայաստանի փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ «ՀԱՊԿ-ի շրջանակում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ», - ասել էր նա։
Փաշինյանը նաև ասել էր, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումի ռիսկի։ Նա նշել էր, թե այս թեման պատրաստվում են քննարկել ռուս գործընկերների հետ։