03/08/2021 16:03
Մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում․ ԿԲ նախագահ
Հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում պահպանվում է բարձր գնաճային միջավայրը, Հայաստանի գործընկեր երկրներում դիտարկվում են սպասվածի համեմատ՝ գնաճի ավելի բարձր մակարդակներ, ինչով պայմանավորված էլ ՀՀ ԿԲ Խորհուրդը արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա շարունակում է ակնկալել հիմնականում գնաճային ազդեցություն, հայտնել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
ԿԲ տվյալների համաձայն՝ Հայաստանում 2021 թվականի հունիսին արձանագրվել է 0.8% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 6.5%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս շարունակել է արագանալ՝ հունիսի վերջին կազմելով 7.8%։
«Կանխատեսումների համաձայն՝ մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ», - ասել է Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ ԿԲ Խորհուրդը, հետևողական լինելով ներքին պահանջարկի ավելացմանը զուգահեռ գնաճային սպասումների արագացման ռիսկերի չեզոքացմանը, դիտարկում է առաջիկայում դրամավարկային պայմանների հնարավոր խստացման անհրաժեշտությունը։