04/08/2021 15:10
Կա մի ճշմարտություն, որ փողը երբեք շատ չի լինում. Փաշինյանը ներկայացրել է ՊԵԿ նոր նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանին:
Նա շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին՝ անցած ժամանակահատվածում կատարած գործունեության համար և նշել, որ այդ ընթացքում եղել են էական, տեսանելի առաջընթաց ու փոփոխություններ:
«Բայց կա մի ճշմարտություն, որ փողը երբեք շատ չի լինում: Մեր պետությունը զարգացման յուրաքանչյուր հանգրվանում, այս հանգրվանում առավել ևս, ունի ավելի արդյունավետ ֆիսկալ քաղաքականություն վարելու կարիք: Ուզում եմ բարձր գնահատել մեր երկրում ճգնաժամային շրջանում համակարգի կայուն գործունեությունը ու կայունությունը: Այս առումով գնահատելի է կատարված աշխատանքը: Իհարկե Պետական եկամուտների կոմիտեի գործունեության մասին մենք շատ քննարկումներ ենք ունեցել, ընդունել ենք ռազմավարություն, որի իրագործման փուլում ենք: Բազմիցս ասել ենք, որ Պետեկամուտների կոմիտեն պետք է լինի հարկ վճարողի բարեկամը և հարկ թաքցնողի թշնամին», - ասել է Նիկոլ Փաշինյանը: