04/08/2021 11:56
Դելիմիտացիայի ու դեմարկացիայի ժամանակավրեպ գնալը շատ վտանգավոր պայմաններ կարող է ստեղծել Արցախի և Հայաստանի համար. Սեյրան Օհանյան
Դելիմիտացիայի ու դեմարկացիայի գնում են այն ժամանակ, երբ գոյություն ունեն խաղաղության պայմաններ ու թշնամի երկրները վերածվում են հարևան երկրների, Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Այսօր ադրբեջանցիները ներխուժել են մեր տարածք ու չեն հեռանում, ես համոզված եմ՝ այն ռազմավարական կետերը, որ հանձնել ենք ադրբեջանցիներին, հետագայում սահմանազատման պարագայում խնդիրներ են առաջացնելու՝ ադրբեջանցիներին հետ շպրտելու մեր սահմաններից», - ասաց նա։
Պաշտպանության նախկին նախարարն ընդգծեց՝ դելիմիտացիայի ու դեմարկացիայի ժամանակավրեպ գնալը շատ վտանգավոր պայմաններ կարող է ստեղծել և Արցախի, և Հայաստանի համար։
«Դա իր մեջ պարունակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ու հակադիր պետությունների ճանաչում, իսկ տարածքային ամբողջականության ճանաչումն անմիջապես վտանգում է Արցախի խնդրին», - ասաց նա։
Սեյրան Օհանյանի խոսքով՝ հարևանների հետ հարաբերություններում յուրաքանչուր կետի, յուրաքանչյու թիզ հողի համար տարիներով բանակցել են մեր դիվանագետները։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ պաշտպանության նախարարությունում հայտարարել է՝ «ունենալ դեմարկացված և դելիմիտացված սահմաններ, մոտավորապես նույնն է, թե ունենալ պարիսպ սեփական երկրի շուրջ»։