04/08/2021 14:26
Եթե նույնիսկ լինի սահմանազատում, դա չի նվազեցնի Ադրբեջանի հետ լայնածավալ պատերազմի հավանականությունը․ Սեյրան Օհանյան
44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշման և պարտադրանքի ներքո են գործում, լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ ի տարբերություն գործող իշխանությունների, իրենք չեն գտնում, որ սահմանազատումն ու սահմանագծումը կամ տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակումը օգուտ կբերեն Հայաստանին։
«Մենք պետք է հասկանանք, որ խաղաղության ֆոնի ներքո մեր հակառակորդները միշտ այլ նպատակներ են ունեցել և նախապատրաստվել են ապագա սադրանքների։ Եթե նույնիսկ լինի իրական սահմանազատում, դա չի նշանակում, որ Ադրբեջանի հետ խոշոր սադրանքի, միգուցե նաև լայնածավալ պատերազմական գործողությունների հավանականությունը իջնում է», - ասաց Օհանյանը։
Ըստ Սեյրան Օհանյանի՝ Հայաստանը դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու համար բավարար և անհրաժեշտ պայմաններ՝ իրավական հիմքեր, քարտեզներ չունի, այդ իսկ պատճառով չպետք է արագ տեմպերով մտնի այդ գործընթացի մեջ, իսկ ստեղծված իրավիճակում առաջնային խնդիր պետք է դարձնի սահմանների ամրապնդումը։
«Այլ բան է, որ այսօր Ադրբեջանը ներխուժել է, և Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մենք գնում ենք դիվանագիտական ճանապարհով։ Իհարկե, միայնակ դիվանագիտական ճանապարհով այդ խնդիրը լուծելը շատ դժվար է, դա պետք է անենք մեր ռազմավարական գործընկերների և ՀԱՊԿ-ի հետ։ Իսկ այս պայմաններում ճանապարհների ապաշրջափակումը բերելու է մեր երկիրը, հատկապես Սյունիքի հատվածը, տնտեսական մեծ ճնշման։ Եվ այդ հատվածում Ադրբեջանը և Թուրքիան փոխելու են մեր ժողովրդագրական պատկերը։ Պարզ ասած՝ թուրքերը գալու են, տնտեսական ճնշման ենթարկեն մեզ, լցվեն, գնեն անշարժ գույք և այլն։ Դա մեզ օգուտ չի տալու», - ամփոփեց խոսքը նա։