05/08/2021 15:32
Արցախը ՀՀ իշխանություններին այլևս չի հետաքրքրում. Քաղտեխնոլոգ
Ազգային ժողովում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով չհիմնելու որոշումը ցույց է տալիս, որ Արցախը ՀՀ իշխանություններին այլևս չի հետաքրքրում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Ինչ վերաբերում է փոխարենն ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը տարանջատելու և առաանձին հանձնաժողովներ հիմնելու իշխանության որոշմանը, նա նկատեց՝ սա արվում է զուտ իշխանության «սորոսական թևին» գոհացնելու համար։
«Հաշվի առնելով, որ իշխող քաղաքական թիմի կազմում կան սորոսականներ և նրանց իշխանական ցանկությունները պետք է բավարարել, գործող հանձնաժողովը տրոհվում է։ Գլխավոր իշխանավորը, որը նախկինում արհեստական պաշտոններ տալու համար քննադատում էր իշխանություններին, հիմա ինքն է առաջնորդվում նույն սկզբունքով», - ասաց Արմեն Բադալյանը։
Նա միաժամանակ շեշտեց՝ իշխանությունն Արցախի հարցով ԱԺ մշտական հանձնաժողով չստեղծելու քայլով չէ, որ անտեսում է Արցախը. նրա խոսքով՝ Արցախն իշխանությունների կողմից մոռացության է մատնվել դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ից։
«Գործող ռեժիմը և նրան աջակցող հասարակական-քաղաքական գործիչներն այլևս ԶԼՄ-ներով չեն խոսում Արցախի մասին, իշխանություններն այլևս ցանկություն չունեն զբաղվելու Արցախի խնդիրներով։ Այդ խնդիրներով զբաղվելու համար քաղաքական խելք է հարկավոր, իսկ այդ խելքը ՀՀ այսօրվա իշխանությունների մոտ բացակայում է», - ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ մոռացության է մատնված ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ապագայի տեսլականը։
Արմեն Բադալյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախկինում «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունն արած Նիկոլ Փաշինյանն այսօր Արցախ չի այցելում, ինչպես չեն այցելում իշխանական այլ գործիչներ ևս։
Նրանք, ըստ քաղտեխնոլոգի, հավանաբար վախենում են սեփական անվտանգությա համար։