06/08/2021 11:03
Իշխան Սաղաթելյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանը երրորդ քվեարկությունից հետո ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ։
Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր։ Սաղաթելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 37. անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ։
Երկրորդ քվեարկությանը մասնակցել էր 103 պատգամավոր։ Սաղաթելյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 49 պատգամավոր, դեմ՝ 49. անվավեր էր ճանաչվել 5 քվեաթերթիկ։
Առաջին քվեարկության ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը կմասնակցի Ազգային ժողովի փոխխոսնակի ընտրությանը՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի։
Քվեարկությանը մասնակցել էր 104 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել։ Սաղաթելյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 50-ը:
ՔՊ խմբակցության ղեկավար Հակոբ Կոնջորյանը հայտարարել էր, թե ընդդիմությունից նաև պատգամավորներ են եղել, որ դեմ են քվեարկել կամ անվավեր են ճանաչել քվեաթերթիկը։
«Հայաստան» խմբակցության երեք պատգամավոր չէին մասնակցել քվեարկությանը. Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը կալանավորված են, իսկ Դավիթ Սեդրակյանը, ըստ խմբակցության, հարգելի պատճառով բացակայում էր։
Օրեր առաջ Ազգային ժողովն ընտրել է փոխնախագահի մյուս երկու թեկնածուներին՝ ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանին ու Հակոբ Արշակյանին։