06/08/2021 08:54
«Ժողովուրդ». Խորհրդարանը երեկվա տապալված փորձերից հետո այսօր ընտրելու է ԱԺ 3-րդ փոխնախագահին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում իսկական խառնաշփոթ էր. իշխանությունն ու ընդդիմությունը ԱԺ 3-րդ փոխնախագահին էին ընտրում, սակայն այդպես էլ չէր ստացվում: «Հայաստան» խմբակցությունից առաջադրված ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանին ընդդիմությունը երկու անգամ առաջադրեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում, սակայն երկու անգամ էլ Սաղաթելյանը չընտրվեց:
«Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ «Հայաստան» խմբակցությունը իշխանությունից 22 ձայն է պահանջել, որպեսզի երկու ընդդիմադիր ֆրակցիաների պատգամավորների թվի հետ միասին Սաղաթելյանը կարողանա 54 ձայն ստանալ: Իշխանության պատգամավորները, երեկ ամբիոնից կոկորդ պատռելով, հավաստիացնում էին, որ իրենք իրենց խոստացածը կատարել են, ավելին՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անձամբ է զանգահարել գործընկերներին և ուղղորդել քվեարկության՝ հորդորելով՝ 1-22 համարների պատգամավորները մեկ մարդու նման Սաղաթելյանին ընտրեն։
Իշխանության մի հատվածն այն կարծիքին է, որ սա իշխանության պատիժն է Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությանը, որ խորհրդարանում օր ու արև չի տալու իշխանությանը: Սակայն, մյուս կողմից, իշխանությունը տեսակետ էր շրջանառում, թե դաշնակցական Սաղաթելյանին չի ընտրում «Պատիվ ունեմ» խմբակցությունը, քանի որ այդ պաշտոնը պետք է տրվեր իրենց, այլ ոչ թե «Հայաստան» խմբակցությանը: Երրորդ վարկածի համաձայն՝ «Հայաստան» խմբակցության ներսի խմորումների հետևանք են Սաղաթելյանի քվեարկության ճակատագրական անվավեր քվեաթերթիկները:
Ըստ այդմ, խմբակցության ներսում Իշխան Սաղաթելյանին չեն ընդունում ու արդյունքում չեն էլ ընտրում: Թե իրականում ինչ է կատարվում, ինչու չի հաջողվում ընդդիմադիր փոխխոսնակին ընտրել, դժվար է ասել: Ամեն դեպքում, այսօր երրորդ անգամ նրան պետք է խորհրդարանում ընտրեն»։