06/08/2021 18:01
Թշնամին, ցավոք, գիտի ՊՆ-ի կողմից հնչող հայտարարությունների գինը. դրանք էժանացել են. ռազմական փորձագետ
ՀՀ պաշտպանության նախարարի երեկվա հրամանը, անհապաղ ոչնչացնել Հայաստանի սահմաները հատած ադրբեջանցի զինծառայողներին, խիստ ուշացած է։ Ավելին, ոչ թե պետք էր հայտարարություն տարածել, այլ կոնկրետ գործողությունների դիմել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։
«Կա մի կանոն. եթե դու խուսափում ես փոքր պատերազմից, ավելի մեծ պատերազմի ես հանդիպում։ Բայց նույնիսկ հիմա՝ Արշակ Կարապետյանի հրահանգից հետո, ես կասկածում եմ, որ գործողություններ կլինեն։ Արդեն իսկ անցել է մեկ օր, ավելին՝ թշնամին այս պահին էլ մեր երկրի տարածքում է, բայց որևէ քայլ ՀՀ իշխանություների կողմից չի ձեռնարկվում։ Ի՞նչ է, մինչև երեկվա հայտարարությունը սահմանները հատել կարելի էր, հիմա չի՞ կարելի։ Սա, կարծում եմ, այնքան էլ լուրջ չէ», - նշեց մեր զրուցակիցը։
Մհեր Հակոբյանի համոզմամբ՝ սահմանախախտ ադրբեջանցիներին ոչնչացնելու հրամանն ավելի շուտ PR քայլ է՝ ուղղված պաշտպանության նորանշանակ նախարարի հեղինակության բարձրացմանը։
«Ժամանակն ամեն ինչ ցույց կտա, բայց քանի դեռ ՀՀ քաղաքականությունը գլոբալ կերպով չի փոխվել, նման հայտարարությունները ոչինչ չեն փոխի։ Թշնամին, ցավոք, արդեն գիտի հայկական կողմից հնչող նմանատիպ հայտարարությունների գինը։ Ոչ վաղ անցյալում ևս ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ եթե ադրբեջանցի զինվորականները մի քանի ժամվա ընթացքում չլքեն Հայաստանի տարածքը, գործողությունների կդիմի։ Այսինքն՝ նմանօրինակ հայտարարությունները, ցավոք, էժանացել են», - ասաց Հակոբյանը։
Նա նշեց, որ իրավիճակի միակ ելքը՝ պետության հզորացումը, զարգացման ծրագիր և ճգնաժամային պայմաններում մշակված պլան ունենալն է։