06/08/2021 11:26
Կորոնավիրուսի «դելտա» շտամն աչքի է ընկնում տարածվածության բարձր մակարդակով. Առողջապահության նախարարը հորդորում է զգոն լինել
Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տվյալներ հայտնեց կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ։
Նրա խոսքով՝ Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 303 դեպք, գրանցվել է 4 մահ։
«Ավելացել են թեստավորման ծավալները, նաև՝ դրական դեպքերի թիվը», - ասաց նա։
Նախարարը հորդորեց ուշադրությունը սևեռել փակ տարածքներում կանոնների պահպանմանը, քանի որ առաջիկայում սպասվում է ուսումնական նոր տարի ու ամեն բան պետք է անել, որ կանոնները պահպանելով զսպեն վարակի աճը։
Նախարարը ասաց, որ այս պահին պատվաստվել է 190 հազար 36 քաղաքացի, միայն երեկ իրականացվել է 6188 պատվաստում։
Ավանեսյանի խոսքով՝ անցած շաբաթ սեկվենավորել էին շրջանառվող շտամերը. 30-ից 25-ում հաստատվել է դելտա շտամ, հինգում՝ բրիտանական։
«Հորդորում եմ ավելի զգոն լինել, որովհետև այս շտամն աչքի է ընկնում տարածվածության բարձր մակարդակով, հորդորոոմ ենք օր առաջ պատվաստվել», - ասաց նախարարը։
Ավանեսյանը նշեց, թե հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 4-ը պատվաստվել է 58 հազար 108 անձ, որոնցից 56 հազար 10-ը եղել է ՀՀ քաղաքացի, 2096-ը՝ օտարերկրացի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս վիճակագրությունը պետք է առանձին տանել ու թվերը հրապարակելիս պետք է հենվել ՀՀ քաղաքացիների պատվաստումների թվի վրա։