07/08/2021 17:50
«Մեր հանդիպումը չի չեղարկվի, բազմաթիվ արցախցիներ սպասում են համերգին». Անդրե
Երեկվանից համացանցում բուռն քննարկվում է երգիչ Անդրեի Արցախյան համերգը, որը նախատեսված է օգոստոսի 8-ին՝ Ստեփանակերտի հրապարակում; Բանն այն է, որ երեկ տեսանյութ էր տարածվել, որում Ստեփանակերտի բնակիչը պատռել էր Անդրեի պաստառը՝ ասելով, որ երբ իր երեխային կբերեն, այն ժամանակ էլ թող համերգ անեն։ Ըստ խոսակցությունների՝ տղամարդը 44-օրա պատերազմում զոհված զինվորի հայր է։
Այսօր Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարեց, որ համերգը չեղարկվել է։ Որոշումը կայացվել է զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպման ժամանակ։
Սակայն րոպեներ առաջ երգիչը սոցիալական ցանցերի իր էջերում գրառում արեց՝ տեղեկացնելով, որ համերգն, ի վերջո, կկայանա;
«Այն, ինչ տեղի է ունենալու օգոստոսի 8-ին, հերթական համերգ չէ... Այդ օրը հնչելու են միայն հոգևոր ու հայրենասիրական երգեր` նվիրված ՄԵՐ Արցախին, արցախցու անկոտրում ոգուն, մեր իերոսներին, նրանց, ովքեր անմահացան` հանուն Արցախի, որդեկորույս մայրերին...
Մենք մեր գոյությամբ ու լինելիությամբ պիտի ապացուցենք, որ Արցախը ՄԵՐՆ է, այն ապրում է ու ապրելու է հայկական ոգով` անկախ թշնամու կամքից։ Ցավըտ տանիմ, Արցախ...
Հ.Գ.. Մեր հանդիպումը չի չեղարկվի` անկախ խոչընդոտներից, որովհետեւ բազմաթիվ արցախցիներ սպասում են դրան... Մեր ապրումներն, այո, անասելի ծանր են, բայց ՈԳԻՆ` միշտ ԱՄՈւՐ», - գրել է Անդրեն։