09/08/2021 14:42
Մեր երեխաների գալու օրը ե՞րբ է. ութ ամիս է՝ մեզ խաբելով ասում են՝ սպասեք. Գերիների հարազատները Փաշինյանից պատասխաններ են ակնկալում
Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարազատները կրկին կառավարության շենքի մոտ են՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու ակնկալիքով։ Խաղաղ ակցիայի նպատակն, ինչպես իրենք են ասում, կառավարության անդամներից, պատկան մարմիններից գերիների ճակատագրի մասին որոշակի տեղեկատվություն ստանալն է, թեպետ այս առումով մեծ հույսեր չունեն․ մինչ այդ կայացած հանդիպումները անբովանդակ են եղել։
«Կառավարության շենքի մոտ հավաքվել ենք, որ իմանանք՝ մեր երեխաների գալու օրը ե՞րբ է, մեզ կարո՞ղ են ինչ-որ բան ասել, թե՞ ոչ։ Ութ ամիս է՝ մեզ խաբելով ասում են՝ սպասեք։ Վեց տարվա ազատազրկում է եղել (Բաքվում-խմբ․), էլ ինչի՞ն սպասենք։ Որտեղի՞ց ստանանք պատասխանը։ Մենք անում ենք մեր խաղաղ ակցիան, որ աշխարհը տեսնի, գոնե կարողանանք մի բան անել, մեր զավակներին այնտեղից բերել», - ասել է Բաքվում պահվող գերիների հարազատներից մեկը։
Ըստ ակցիայի մասնակիցների՝ իշխանություններն իրենց գլխի տակ «փափուկ բարձ» են դնում, իսկ իրենք այլևս չեն կարող սպասել, պատրաստ են ամեն քայլի՝ նստացույցեր, հացադուլներ, որպեսզի իշխանությունները վերջապես գործուն քայլեր անեն՝ գերիներին վերադարձնելու հարցը լուծելու համար։
«Ամսվա սկիզբ մտնում ենք հանդիպման, «փափուկ բարձ» է, որն իրականում մեր գլխների տակ չկա։ Ութ ամիս է՝ չենք կարողանում գլուխներս փափուկ բարձին դնել։ Բայց իրենց գլխի տակ կա։ Ամսվա վերջ՝ էլի արդյունք չկա։ Նորից գալիս է հաջորդ ամիսը։ Հիմա եկել ենք, բայց չունենք ոչ մի ակնկալիք։ Մարդիկ չեն ընդունում, չունեն տալու պատասխան։ Ո՞վ է զբաղվում այս հարցերով՝ դա էլ չենք իմանում։ Էլ ո՞ր կառույցին գնանք դիմենք, որ իմանանք՝ մեր երեխաները ե՞րբ են գալու», - նշել են կառավարության շենքի մոտ հավաքված գերիների հարազատները։