09/08/2021 13:36
Մենք խաղաղություն մուրալու իրավունք չունենք, պետք է հաստատենք արժանապատիվ խաղաղություն․ Արթուր Վանեցյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդմանը կարծիք է հայտնել, որ ԱԺ արտահերթ ընտրություններն ավելի են խորացրել մեր անվտանգային խնդիրները։
«Այս ընտրությունները չլուծեցին մեր անվտանգային հիմնական խնդիրները, ընդհակառակը, խորացրին։ Կա նաև մի քննադատություն, ասում են՝ ընդդիմությունը միայն քննադատում է իշխանություններին, և որևէ կերպ չի օգնում լուծել մեր երկրի առջև կանգնած անվտանգային ռիսկերը։ Բայց երկրի անվտանգության պատասխանատուն իշխանությունն է։ Եթե իշխանությունը գիտակցում է, որ չի կարողանալու ապահովել մեր երկրի անվտանգությունը, պետք է ազնվորեն խոստովանի և հեռանա։ Այնինչ մեր իշխանությունները, օգտագործելով տարբեր մեթոդներ՝ մանիպուլյացիաներից մինչև բիրտ ուժի կիրառում, քաղաքական օպոնենտների ճնշում, վերարտադրվեցին և կռվեցին՝ իրենց իշխանությունը պահելու համար։ Դրա համար մենք փաստում ենք, որ այս ընտրությունները, այնուամենայնիվ, չլուծեցին մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրները», - ասել է Վանեցյանը։
Նա հայտարարել է նաև, որ ՀՀ անվտանգության միակ երաշխավորը ՀՀ Զինված ուժերն են, այնինչ պատերազմին հաջորդած ամբողջ ժամանակաշրջանում իշխանությունները ոչ միայն առաջնագիծը, այլև բանակի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ ոչինչ չեն արել։
«Ես ուզում եմ, որ բոլորը հասկանան․ եթե մենք չունենանք բանակ, հարևանները միշտ փորձելու են մեզնից ինչ-որ բան խլել։ Մենք այնպիսի բարքերով տարածաշրջանում ենք ապրում, որ եթե քեզ մեկ անգամ ապտակում են, իսկ դու այդ ապտակին որևէ արժանապատիվ պատասխան չես տալիս, քեզ ապտակելու են նորից և նորից։ Մենք պետք է ունենանք հզոր, մարտունակ բանակ։ Բանակ, որը պատրաստ է կատարել իր առջև դրված խնդիրը, ոչ թե մուրանք խաղաղություն։ Մենք խաղաղություն մուրալու իրավունք չունենք։ Մենք պետք է հաստատենք արժանապատիվ խաղաղություն։ Մենք պետք է ունենանք այնպիսի խաղաղություն, որ հարևանները հասկանան, որ այդ խաղաղությունը խախտելու դեպքում իրենք շատ ծանր հարված են ստանալու», - ասել է Վանեցյանը։