10/08/2021 10:40
Պատերազմը շոշափելի ազդեցություն չի ունեցել Հայաստանի ժողովրդագրական գործընթացների վրա․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյա
Ինչպես «Covid-19»-ը, այնպես էլ 2020 թվականի պատերազմը Հայաստանի ժողովրդագրական գործընթացների վրա բացասական ազդեցություն չեն ունեցել, «Հանրային հեռուստաընկերության» եթերում հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձնացված գործառույթների համակարգող խորհրդական Արտակ Մարկոսյանը։
Ավելին, նրա պնդմամբ, 2021 թվականի առաջին կիսամյակում ծնունդները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 8 տոկոսով։
«Մենք մտավախություններ ունեինք, որ «Covid»-ը ազդելու է, բայց, հուրախություն մեզ, տեսնում ենք, որ չի ազդել, քանի որ այս տարվա մարտ-ապրիլ – մայիս ամիսներին, այսինքն՝ «Covid»-ի ամենասուր ժամանակահատվածում, մենք ունենք երեխաների աճ, ծնունդներն ավելացել են։ Պետք է փաստենք, որ փաստացի ««Covid»-ը, որպես այդպիսին, բացասական ազդեցություն չի ունեցել։ 1-2 ամսից արդեն կզգացվի պատերազմի ազդեցությունը, բայց կարծում եմ՝ պատերազմը ևս ոչ շոշափելի ազդեցություն է ունեցել մեր ժողովրդագրական գործընթացների վրա։ Մենք խուսափել ենք այդ, այսպես ասած, երկու շատ լուրջ խնդիրներից՝ ժողովրդագրական ոլորտում և ունենք բավականին լուրջ աճ», - ասել է Մարկոսյանը։
Պաշտոնյան հաջորդիվ անդրադարձել է նաև 2020 թվականի ցուցանիշներին՝ այս դեպքում արդեն նշելով, որ պատերազմում մեր կրած կորուստների հետևանքով բնական աճի ցուցանիշն, այնուամենայնիվ, նվազել է։
«Նախորդ տարի, ցավոք սրտի, պայմանավորված արցախյան երկրորդ պատերազմում մեր ցավալի կորուստներով, մենք ունեցել ենք բնական աճի ամենացածր ցուցանիշը, որը 2020 թվականին, 2019-ի համեմատ, նվազել է մոտ 9 անգամ։ Բնական աճի ցուցանիշը 1 100 է եղել։ 2019 թվականին 9 900 էր, բայց դա և՛ «Covid»-ի, և՛ պատերազմի հետևանքն է։ Այս տարի բնական աճի վրա դեռևս ճնշում է գործադրում «Կորոնավիրուսից» մահերի ցուցանիշը, դա բնական աճի ցուցանիշը բավականին ցածրացնում է։ Առաջին 6 ամիսների կտրվածքով «Կորոնավիրուսից» ունենք մոտավորապես 2400 մահ։ Երբ դիտարկում ենք, հենց դա է նաև այն պատճառներից մեկը, որ բնական աճը այս տարի բավականին ցածր է՝ նախորդ տարվանից։ Մոտավորապես 797-ով ցուցանիշը նվազել է», - ասել է նա։