10/08/2021 14:58
Խորհրդարանում ես ինձ զգում եմ բանակում կամ դատարանում․ Սեյրան Օհանյան
«Գտնվելով ԱԺ-ում՝ ինձ թվում է, թե բանակում եմ, նորից զորակոչվել եմ բանակ կամ դատարանում եմ։ Այնպիսի տպավորություն է, որ բանակի տերը հիմա ես եմ, այնինչ ես արդեն 5-րդ տարին է՝ բանակում չեմ, իսկ իրենք՝ քաղաքական մեծամասնությունը, ՔՊ խմբակցությունը, կարծես, ընդդիմություն են», - արձագանքելով քաղաքական մեծամասնության կողմից բանակին ուղղվող մեղադրանքներին՝ ասաց պաշտպանության նախկին նախարար, «Հայաաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Լրագրողների հետ զրույցում նա փաստեց, որ իշխանության ներկայացուցիչները պարզապես թիրախավորել են բանակը, այնինչ ՀՀ ԶՈՒ հպարտության արժանի ճանապարհ է անցել։
«Յուրաքանչյուր պաշտպանության նախարարի ժամանակ ԶՈԻ զարգացումն ապահովվել է։ Եվ իհարկե, գործունեության ժամանակ եղել են նաև թերացումներ։ Կենցաղային թերություններն ավելի նկատելի են, քան մարտական թերությունները», - ասաց Օհանյանը՝ հավելելով, որ արցախյան ազատագրական պատերազմին զուգընթաց ստեղծված ՀՀ զինված ուժերը, չնայած բոլոր դժվարություններին, իրենց առջև դրված հիմնական խնդիրն իրականացրել են։