10/08/2021 12:05
Անդրանիկ Քոչարյանը Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի առաջնահերթությունն է համարում բանակը քաղաքականությունից հեռու պահելը
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում ներկայացրեց, թե իր ընտրվելու դեպքում որոնք են լինելու հանձնաժողովի հիմնական անելիքները։ Քոչարյանը դրանցից մեկը համարեց բանակը քաղաքականությունից հեռու պահելը։
«Թե՛ ԱԺ-ը, թե՛ կառավարությունը, թե՛ հանձնաժողովը հսկայական անելիք ունեն բանակը ցանկացած գնով քաղաքականությունից հեռու պահելու ուղղությամբ։ Պետք է անվերապահորեն աջակցել ԶՈՒ-ին, սակայն սա որևէ կերպ չի ենթադրում քաղաքական ակնկալիքներ ունենալ բանակից», - ասաց նա։
Քոչարյանը ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի գլխավոր առաջնահերթություններից համարեց նաև ԶՈՒ-ում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի գործիքակազմի մշակումը, անդրադարձավ նաև երկրի անվտանգության համակարգը վերականգնելու խնդրին։
«Այս պահին յուրաքանչյուրիս պարտականությունը պետք է լինի մեր երկրում անվտանգության համակարգի ամբողջական վերականգնումը, բանակի հզորացումը, որի տակ պետք է հասկանալ ոչ միայն նորագույն սպառազինության ձեռքբերում, այլև զինվորական համազգեստ կրող անձի արժեհամակարգի փոփոխություն, բարձր ինտելեկտ, պատասխանատվության զգացում, պետականամետ մտածողություն, ինչպես նաև հաղթանակի ու պարտության մասին առողջ պատկերացումներ», - ասաց նա։