11/08/2021 14:47
Ռուսաստանը պատրաստ է շարունակել օգնել Հայաստանին Զինված ուժերի արդիականացման գործում. Շոյգու
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է աջակցել հայկական զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխմանը, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպմանը:
«Մենք շատ ենք կարևորում ռազմական ոլորտում մեր համագործակցության զարգացումը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակում: Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների ծրագրի իրականացմանը: Դա հեշտ գործ չէ, բայց ես կարծում եմ, որ ձեր փորձով դա հնարավոր կլինի», - ասել է Շոյգուն:
Նա նշել է, որ Հայաստանում է գտնվում 102-րդ ռուսական ռազմակայանը, որը լավ հագեցած է և անվտանգության երաշխավոր է:
«Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն է Անդրկովկասում անվտանգության ապահովման գործում, և մենք չափազանց շահագրգռված ենք այս տարածաշրջանում կայունության պահպանմամբ», - հավելել է նախարարը:
Իր հերթին Կարապետյանը երախտագիտություն է հայտնել Շոյգուին՝ Հայաստանի Զինված ուժերի մարտունակության վերականգնման, զորքերի վերազինման պատրաստակամության համար:
Նա ընդգծել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցը Ռուսաստան է, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է:
«Ռուսաստանը միակ պետությունն է, որը շոշափելի արդյունք է տալիս հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում և այսօր զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև անմիջականորեն Հայաստանի սահմաններին: Մենք պատրաստ ենք շատ սերտ ու արդյունավետ համագործակցության», - ասել է Կարապետյանը: