11/08/2021 23:51
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Օգոստոսի 11-ին, ժամը 15:30-ից մինչև 20:00, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:
Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք, երեկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի և մի շարք սպաների ուղեկցությամբ, այցելել է հանրապետության հարավ-արևմտյան սահմանագոտի։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, մասնավորապես, եղել է Երասխի հատվածում տեղակայված մարտական հենակետում, ծանոթացել սահմանային իրավիճակին։